Էլիկո - страница 4



– Ի՞նչ ա եղել, ա՛յ աղջի…

– Տոտա՛ ջան, էն տուփը որ տարա, մեջը կոշիկ կար, հետ եմ բերել, վերցրո՛ւ (կամ էլ՝ վերցրե՛ք, չեմ հիշում…)։

Մի շատ կարճ պահ, երևի թե վայրկյաններ լռություն տիրեց։ Ես ամեն դեպքում ձգվեցի, որ ավելի տեսանելի լինեմ։ Ի զարմանս ինձ՝ իմ հերոսական քայլն այլ կերպ ընկալվեց «տոտայի» կողմից։ Սկզբում նայեց չհասկացող հայացքով, հետո դժվարությամբ ընկալելով ասածս՝ մի վայրի՜ բառաչ հիշեցնող գոռոցով, «փայլուն» բառապաշարով արտահայտեց իր կարծիքն իմ և մնացած բոլո՜ր երեխաների մասին, որոնք ոտքի տակ են ընկնում՝ խանգարելով իրեն աշխատել։ Մտածեցի՝ երևի չհասկացավ՝ ինչ եմ ասում… Կրկնեցի, ու նորից՝ նույն արձագանքը։ Չգիտեմ՝ բացի ինձնից այլ երեխաներ էլ շեշտվեցին նրա ասելիքում, դա՞ էր պատճառը, թե՞ իրոք զգացին, որ անարդար էր «տոտայի» այդ փայլուն մենախոսությունը, հաճախորդներն էդ կնոջը մոտավորապես բացատրեցին, թե ինքն ով է, ու որտեղ է իրականում նրա տեղը, սկսեցին ինձ գովեստի խոսքեր ասել… Այդ խոսքերն ինձ պետք էին՝ այս անգամ ոչ թե ինքնասիրությունս շոյելու, այլ իմ գիտակցությանը անմեղ լինելուս փաստը հասցնելու համար, այլապես ինչ–որ բան սխալ կլիներ, ու կկոտրվեր բյուրեղյա մաքուր մանկությունիցս անվերականգնելի մի կտոր…

Ծանր հրետանին

Փոխադրվեցի երրորդ դասարան: Մայրս Երևանում աշխատում էր խիստ գրաֆիկով, և ինձ, այսպես ասած, տիրություն անող չկար։ Որոշվեց, որ պետք է Հոկտեմբերյանում դպրոց գնամ այդ մեկ տարին։ Ես դրա համար շատ ուրախ էի, որովհետև դասերը մի քանի ժամ էին տևելու, ու մնացած ժամանակս էլի կտնօրինեի իմ ուզած ձևով։

Սկզբում դասարանն ինձ գրկաբաց չընդունեց, ինչպես կցանկանայի։ Դրա բացատրությունը տարիներ հետո գտա։ Դասարանի լավագույն սովորղը մի աղջիկ էր՝ Լարիսա անունով, որը բավականին ազդեցություն ուներ երեխաների վրա։ Դասղեկը, որի անունը Ժասմեն էր, մորաքրոջս մտերիմ ընկերուհին էր: Ինձ ներկայացնելիս նա ձեռքը մտերմիկ գցել էր ուսիս։ Հա, չմոռանամ ասել, որ մորաքույրս տանն ինձ համար մի ժամ դասախոսություն կարդաց, որ հանկարծ Ժասմենին դպրոցում անունով չդիմեմ, բայց ես չէի կարող այդ հազվադեպ հնարավորությունը բաց թողնել ձեռքիցս ու չհանրայնացնեմ մեր մտերիմ լինելու փաստը։ Մեկ–երկու անգամ անունով դիմելուց հետո ես, որպես պատիժ, զրկվեցի պաղպաղակի գումարից, բայց դե հասել էի նպատակիս.ինձ ընդունեցին որպես դասղեկի բարեկամ։ Ընթացքում մի քանի հանձնարարություններ ինձ տվեց Ժասմենը, ազգանունը չեմ հիշում, որն էլ Լարիսային ու նրա շքախմբին դուր չեկավ։ Դա բավական չէր, հայոց լեզվի ուսուցչուհին էլ, որպես նորեկի, ինձ կարդալ տվեց նոր դասը։ Ես փայլուն կարդացի։ Ասեմ, որ մեծ սեր ունեի կարդալու հանդեպ։ Գիշերները լամպի լույսի տակ անհագ կարդում էի։ Երևի «Փոքրիկ կռունկն» իր գործն արել էր, ես սիրեցի ընթերցանությունը։ Կամաց–կամաց ոչ միայն դասարանն ինձ ընդունեց, այլև Լարիսան դարձավ մտերիմ ընկերուհիս։

Մի անգամ դասերից հետո ես ու Լարիսան տուն էինք գնում։ Ճանապարհն անցնում էր դեղատան մոտով։ Դռան դիմաց արկղով մանկական կերի շշեր էին դրված։ Լարիսան նոր էր քույրիկ ունեցել։ Նայեց այդ շշերին ու ասաց, որ իրենց հենց դրանցից են պետք։ Որոշեցինք, որ երևի դեղատանը պետք չեն շշերը ու դրել են դրսում, որ տանեն թափեն։ Հիմա հստակ չեմ կարող հիշել, թե ում մոտ հղացավ այդ «հանցագործ» գաղափարը, բայց մենք մոտեցանք ու մի քանի շիշ վերցրինք արկղից։ Շրջվեցինք, որ հեռանանք, դեղատնից աշխատողը դուրս պրծավ ու վազեց հետևներիցս։ Պարզից էլ պարզ է, որ եթե ուզում են քեզ բռնել, պետք է փախչես։ Իհարկե, ինձ բռնելն այնքան էլ հեշտ գործ չէր, բայց ձեռքը մեկնեց ու պայուսակս խլեց։ Ես կանգնեցի ու սկսեցի արդարանալ, որ մենք չենք իմացել, թե պետք են այդ շշերը, ու պատրաստ ենք վերադարձնելու, չնայած Լարիսան արդեն ծլկել էր՝ իր հետ տանելով նաև ավարը։ Աշխատողն ասաց, որ միայն մայրիկիս կտա պայուսակս։ Պահո՜, դա արդեն հղի էր լուրջ հետևանքներով։ Վերևում նշեցի, որ մայրս Երևանում էր, այսինքն՝ պետք է գործին խառնվեր ծանր հրետանին՝ բաբոս։ Աշխատողին սկսեցի խնդրել, համոզել, բացատրել, որ մամաս Երևանում է, խոստանալ, որ երբեք այդ կողմերում չեմ երևա, միայն թե չանի այդ բանը։ Իզուր էր։ Իհարկե, պատմությունը շատ տհաճ էր, ու դեռ ավելի մեծ տհաճություններ էին սպասվում, բայց ես չէի իմ դարդը, դեղատան աշխատողն էր մեղքս գալիս։ Ախր ե՛ս էի խցկվել նրա տարածքը, բայց պատժվելու էր նա։ Ինչու ինքը, որովհետև բաբոյիս համար ես անձեռնմխելի մեծություն էի, ու դա, նրա կարծիքով, պետք է ընդունեին բոլորը։ Հետո էլ՝ հո չէի՞ ասելու բաբոյիս, որ մեղավոր եմ, դա կլիներ իմ կողմից խոստումնազանցություն, որովհետև ամեն առավոտ գործի գնալիս ինձ տրված չափաբաժնի ամենակարևոր հորդորանքը խելոք մնալն էր։ Իսկ ես վերցրի ու ի՞նչ արեցի։ Մի խոսքով՝ դեղատան աշխատողը մնաց անդրդվելի։ Ես հանգիստ խղճով, որ արեցի ամեն ինչ այդ կնոջ համար, քայլերս ուղղեցի հիվանդանոց՝ բաբոյիս մոտ։ Բաբոս, սպիտակ խալաթը հագած, վրայից սպիտակ գոգնոցը կապած, շերեփով համտեսում էր հիվանդների համար նախատեսված ճաշը։ Շա՜տ դժվարությամբ գտա հարմար բառեր՝ պատմելու համար։ Բաբոս սկզբից մտածեց ուղղակի շատախոսում եմ, բայց երբ հասա այն պահին, որ պայուսակս վերցրել և չի տվել աշխատողը, լրջացավ, շերեփը դրեց ու ասաց, որ սկզբից պատմեմ եղելությունը։ Այնքան համարձակություն չունեցա, որ պատմեմ՝ ինչպես է եղել իրականում։ Պատմեցի այնպես, ինչպես կուզեի, որ եղած լիներ.