ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - страница 32
– Ինչքան գիտեմ նրան՝ միշտ այդպիսին է եղել, – Հուրունցի մասին ասաց Սաղումյանը, ափով մտախոհ շփելով մորուքը, – ծնողներին երեսունյոթին աքսորել են, ինքը պատերազմի թոհուբոհով է անցել, հասել մինչև Բեռլին, բայց նույնն է մնացել միշտ՝ ուղղամիտ, սկզբունքային, համարձակ ու անհաշտվողական: Նույնքան ժամանակ էլ Սամվելին գիտեմ՝ ստորաքարշ ու խեղճացած՝ եթե իրեն պետք է, եթե տասը կոպեկի շահ ունի, անողորմ ու դաժան՝ խեղճերի գլխին: Երկու տարբեր բևեռներ ու տես, թե ինչպես է դասավորված նրանց կյանքը, մեկը՝ ճոխության, պատվի ու հարգանքի մեջ, մյուսը՝ տասը տարի նույն մաշված վերարկուն ուսերից կախ:
* * * * *
Մինչ ուշ գիշեր պատրաստեցի հեռուստահաղորդման սցենարը՝ նվիրված Բեգում-Սարով գյուղի հուշարձանի բացմանը, առավոտյան տարա Արինային՝ մեքենագրելու:
Արինայի՝ դեպի ընդհանուր բաժին տանող դուռը կիսաբաց էր, լսվում էր՝ քթի տակ երգ էր դնդնում.«Միայն դու եկ, հետս խոսիր, բարևե, էդ ինձ համար կյանք է և թե արև է»:
– Առավոտ-առավոտ սոխակ է կտրել, չի թողնում աշխատենք, – անչար ասաց Լորաննան, ժպտաց: – Երեկ նախկինը կոմպլիմենտ է արել, երևի գլուխը կորցրել է:
– Երգի դակը ավելի ախորժալիա ախշադվում, – հարեց Թելման Կարաբաղլի-Չալյան-Սալվադոր Դալին: – Ճիրին ասալ են թա, հինչի՞ էս վշվշում, ասալա՝ հինգերս քարն ա: Էդ Կևորկ Ատաճանյան զիբիլը էնքան սրա-նրա գնանոցը հեդը խոսեց՝ թելեպոնը փչացրավ, չի ախշադում, – ասես արդարանալով ավելացրեց նա, – եգա էսդեղիցը զանկ դամ:
Մեր խոսակցության վրա Արինան բացեց իր սենյակի դուռը, լայն ժպտալով նայեց ինձ:
– Արինա, այդ ո՞վ է, որի խոսքն ու բարևը քեզ համար կյանք ու արև է:
– Արև է… Ո՞վ պիտի լինի՝ դու ես, – շեշտակի նայելով ծիծաղեց նա: – Մտնում ես ու չես բարևում:
– Բարև:
– Ողջույն, – կոտրատվելով պատասխանեց նա: – Ոչ մի տեղ չե՞ս գնալու՝ Սիլվան գալու է այսօր:
– Ո՞ր ժամին, գնանք առաջին հարկ՝ դիմավորելու:
Արինան շուրթերը ծռմռեց՝ պատասխան էր որոնում:
– Առանց մեր ընտանիքին կպչելու չե՞ս կարող:
– Կարող եմ, – ժպտացի ես, հաղորդման տեքստը տալով նրան: – Երկու օրինակից, մի օրինակը կտաս ռեժիսորին:
Թելմանը գնաց իր աշխատասենյակը, մնացինք երեքով:
– Արինա, այս ինչե՞ր եմ լսում. նախկինը վերջերս քեզ ինչ-որ կոմպլիմենտներ է շռայլում, դա ինչպե՞ս հասկանալ:
Արինան մի կատաղի հայացք նետեց Լորաննայի վրա, բայց հարմար գտավ իմ ներկայությամբ ոչինչ չասել:
– Ախր, ասա, ի՞նչ գործ ունես էդ երեխայի հետ, – շինծու սրտացավությամբ՝ հեռակա կարգով նախկինին կշտամբեց Լորաննան՝ դիտավորյալ բորբոքելով խոսակցությունը:
– Դե լավ՝ ի՞նչ է ասել:
– Ինչ է ասել… Ասաց՝ էդ ի¯նչ սիրուն սև աչքեր ունես, – ի վերջո գոհունակ ժպիտով խոստովանեց Արինան:
– Ում ասաց՝ քե՞զ:
– Ինձ, – ժպտերես պարծանքով գլխով արեց նա:
– Անճաշակ մարդ է, մի հավատա, – ասացի ես: – Նա արդեն այնպիսի մի վտանգավոր տարիքի է հասել, երբ բոլոր կանայք գեղեցկուհի են թվում: Մի հավատա:
– Մի հավատա… – շուրթերը ծամածռելով տնազեց Արինան՝ ակնդետ նայելով ինձ:
– Հուրունցը շատ լավ արեց, որ երեկ շշպռեց նրան, – ասաց Լորաննան: – Ոնց էր կատաղել: Եփած խեցգետինի պես կարմրել էր:
– Թող իմանա, – աչքով անելով Լորաննային՝ ասացի ես, – թե ինչ է նշանակում անմեղ տեղը մարդուն վիրավորել՝ «Էդ ինչ սիրուն սև աչքեր ունես»:
– Իսկ ի՞նչ է, Արինայի աչքերը սիրո՞ւն չեն, – իբր պաշտպանում էր՝ խորամանկորեն ժպտալով ասաց Լորաննան: – Մի նայիր՝ կուզես դեմուղիղ, կուզես՝ կիսադեմից, ոնց որ Սողոմոնի երգ-երգոցից իջած՝ սև եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղեմի աղջկունք. ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների շուշանն եմ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նորան, ասացեք, թե սիրով հիվանդ եմ ես… Լեո,նայիր, մի՞թե սիրուն չեն այդ աչքերը:
– Եթե մոտ ութսուն տարեկան կնամեծար մարդը գտնում է, որ սիրուն են, – ժպտալով ասացի ես, – ուրեմն պիտի հաշվենք, թե սիրուն են: