ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - страница 36



– Կխոսեմ:

– Հարյուրը խմում ենք, երեք հարյուրը տալիս եմ տուն: Դու գիտես, Սիավուշն իր խոսքի տերն է:

Նա մեկ-մեկ իր մասին երրորդ դեմքով էր խոսում:

– Ասացի՝ կխոսեմ: Ես էլ եմ նրան սպասում: Երեկոյան զանգիր:

– Էհ, դու տանը նստո՞ւմ ես որ, – բազմանշանակ նայելով՝ ասաց Սիավուշը, ծիծաղեց, իբր, տեսնում եմ՝ ինչով ես զբաղված:

– Այդ ո՞վ էր, – նրա գնալուց հետո հարցրեց Սիլվան:

– Սիավուշ Մամեդզադեն է: Բանաստեղծ է, համաշխարհային գրականության ինստիտուտն է ավարտել Մոսկվայում: Սքանչելի տղա է: Նմանը չկա:

– Դեմքը շատ դուրեկան ու ծանոթ է:

– Հեռուստատեսությամբ եք տեսել: Գրական հաղորդումներ է վարում:

– Երևի… Արինան ձեր մասին ինձ շատ է պատմել, – անսպասելի ասաց Սիլվան և, աչքերը բարձրացնելով, դարձյալ ակնապիշ նայեց:

Դադար:

– Գիտե՞ք, նա կարող է ժամերով խոսել ձեր մասին:

Նորից դադար:

– Ես հիմա եմ հասկանում նրան, – կրկին խոսեց նա և հանկարծակի ավելացրեց, – իսկ ես գլուխս չե՞մ կորցնի այստեղ:

– Ի՞նչ իմաստով, – չհասկացա ես:

Սիլվան փռթկաց, կկոցեց աչքերը՝ լիաշուրթ շառագույն բերանն այս ու այն կողմ տանելով.

– Այն իմաստով, ինչ իմաստով գեղեցիկ կինը կարող է գլուխը կորցնել գեղեցիկ տղամարդկանց շրջապատւմ:

– Կարող եք չանհանգստանալ, – ասացի ես քմծիծաղով: – Հաշվապահությունում բոլորը կանայք են:

– Այդ լավ է, – թեթև հոգոցով արտասանեց Սիլվան: – Թե չէ, գիտե՞ք, ամուսինս աներևակայելի խանդոտ է:

Նա պարզամիտ անպատկառությամբ սիրասուն կին էր խաղում. ես այդ հասկանում էի, բայց լռեցի, որովհետև դա բոլորովին ինձ չէր վերաբերում:

– Գիտե՞ք ինչ, – շրթունքները կիսաբաց ու հնազանդ հայացքով տակնիվեր նայելով՝ շարունակեց Սիլվան, – եթե հազար մարդ քո մասին լավ խոսի ու միայն մեկը՝ վատ, հենց այդ մեկին էլ մարդիկ կհավատան և կուրախանան: Էհ, երևելի մարդկանց ու գեղեցիկ կանանց շուրջը բամբասանքներ միշտ էլ լինում են:

Կադրերի բաժնի դուռը բացվեց, այնտեղից շորորալով դուրս եկավ Սեիդոզաևան:

– Սաիդա, ձեզ ենք սպասում, – ասացի ես:

Նրա բերանում ևս ծամոն կար, շրթունքները փակ, ծամելուն հանգույն՝ ծնոտներն ալարկոտ շարժելով, մոտենում էր:

– Էս աղջի՞կն է, – հավասարվելով մեզ՝ հայերեն հարցրեց նա:

Սաիդայի մայրը հայուհի էր, և նա ազատ խոսում էր հայերեն:

– Այո, այն նույն աղջիկն է, ում մասին ձեզ ասել եմ, այսպես ասած, քաղաքացուհի Դարբինյանը, ահա փաստաթղթերը:

– Գնանք, – ասաց Սաիդան՝ գնահատող հայացքով նայելով Սիլվային, հետո նայեց ինձ, երկիմաստ ժպտաց:

Սաիդան վրան քիփ նստած մոխրակապտավուն տաբատով էր, տաբատը պատռտվում էր նրա կոնքերի պրկությունից:

Առանձնասենյակում Սաիդան աչքի անցկացրեց Սիլվայի փաստաթղթերը:

– Հաշվապահական ստաժ չունեք, – աշխատանքային գրքույկը թերթելով՝ ասաց Սաիդան գործնականորեն, – կընդունենք որպես հաշվետար, կսովորեք, իսկ մի քանի ամիս անց կփոխադրենք հաշվապահի օգնական: Ես կխոսեմ կադրերի բաժնում, կարծում եմ, կոմիտեի նախագահը նույնպես չի առարկի: Արդյունքների մասին ես կհայտնեմ Լեոյին: Հարկավոր կլինի դիմում գրել, անկետա լրացնել: Այդ ամենը հետո, իհարկե: Այժմ այսքանը: Էլ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

Սա արդեն ինձ էր վերաբերում: Նա ժպտալով նայում էր:

– Սաիդա, Սիավուշ Մամեդզադեն ձեզ մոտ փող ունի ստանալու, եթե հնարավոր է, օգնեք այդ հարցում, խնդրում եմ:

– Ասեք թող գա, – լայն ժպտաց նա: – Խմելիս չմոռանաք իմ կենացը:

– Շնորհակալ եմ: Չենք մոռանա:

Օրվա վերջում Արինան եկավ ինձ մոտ: Անտրամադիր էր:

– Ի՞նչ է եղել, Արինա, – հարցրի անհանգստացած: – Բա՞ն է պատահել:

– Պատահել… ոչինչ էլ չի պատահել, պարզապես ես նրան այստեղ չպիտի բերեի:

– Ո՞ւմ, – հարցրի ես՝ հասկանալով, իհարկե, որ խոսքը Սիլվային է վերաբերում:

– Սիլվային:

– Ինչո՞ւ:

– Ինչու… որովհետև բոզի հայացքով էր նայում քեզ, – կատաղի պոռթկաց նա:

Ես անկարող եղա զսպել ինձ, բարձր ծիծաղեցի: Հետո տուն գնալիս և նույնիսկ ավտոբուսում՝ Սումգայիթի ճանապարհին, հիշում էի Արինայի խոսքը, նրա կատաղի պոռթկումը՝ միանգամայն անսպասելի՝ ինչպես պայթյուն, և դարձյալ ծիծաղում էի, ինչ-որ հարազատություն ու անհուն քնքշանք զգալով նրա հանդեպ: