ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - страница 27
–Դու կարո՞ղ էիր նախազգուշացնել Անտոնյանին, որպեսզի նա մի կողմ քաշվեր,– կրկին հնչեց Ռաֆայելի ձայնը։
–Ես նախազգուշացրի, բայց նա չլսեց ինձ,– արձագանքեց Ստեփանը։– Նա ինքն էլ ինձնից վատ չէր հասկանում, որ պայթյունի վտանգավորություն կա։
–Ծայրահեղ դեպքում՝ դու կարո՞ղ էիր մի կողմ հրել նարն։
–Կարող էի։
–Իսկ ինչո՞ւ չհրեցիր։
–Արդեն ասել եմ, որ այդ պահին ես հետևում էի ճնշաչափի ցուցմունքին, իսկ երբ սթափվեցի, ուշ էր արդեն։
–Ռաֆայել, ապարատն ուղարկվել է տեխնիկական փորձաքննության,– ի վերջո եկավ նաև Լեոնիդի ձայնը։– այնպես որ, կարծում եմ, վատ չէր լինի, որ Ստեփանը մի քիչ հանգստանար, ոնց որ ասում են, ուշքը գլուխն հավաքեր։ Առջևում նրան դեռ ահագին գլխացավանք է սպասում։
–Ես չեմ հոգնել,– ասաց Ստեփանը։– Ուրիշ ի՞նչ հարցեր ունես։
–Էլ ոչ մի։
–Իսկ այնուամենայնի՞վ,– համառեց Ստեփանը։
–Առայժմ ոչ մի։
–Ռաֆայել, դու այնպիսի եռանդով էիր կպել գործին, որ ես արդեն քիչ էր մնում մտածեի՝ քաղաքացիական կոստյումդ հո չե՞ս փոխել դատախազական համազգեստի հետ։
–Ոչ, չեմ փոխել։
–Ուրեմն շատ լավ,– ասաց Ստեփանը։– Նշանակում է ես կարող եմ տուն գնալ, այսպես ասած, ոչ թե պահակախմբի հսկողությամբ, այլ իմ սեփական ոտքով։
Դարձյալ երկարատև լռություն տիրեց։ Ոչ Եվան, ոչ Ամալյան, և ոչ էլ Ելենան, որ լռին առաջ ու ետ էր քայլում սենյակում, չէին ուզում խախտել այդ քար լռությունը։
Եվան, խեղդելով հառաչանքը, ասաց.
–Ես զուր տեղը վիրավորեցի Ստեփանին… Ես ինքս էլ չգիտեի, թե ինչ էի ասում։
–Պատահում է, մի մտածիր,-սիրտ տվեց Ամալյան։– Դրանից վատն էլ է լինում։
–Չէ, դու չգիտես, Ամալյա,– խոսեց Եվան, հայացքն անորոշ ինչ-որ կետի։– Ես եմ մեղավոր նրա մահվան մեջ։
Ելենան կտրուկ կերպով նայեց Եվային, իսկ Ամալյան մի տեսակ մեղանչական տոնով շշնջաց.
–Պետք չէ, Եվա։ Դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում։
–Այո, ես եմ մեղավոր,– կրկնեց Եվան, առանց ուշադրություն դարձնելու Ամալյայի խոսքերին։– Մոսկվա մեկնելու օրը մեր մեջ սուր խոսակցություն տեղի ունեցավ, և ես նրան ասացի, որ այլևս միասին ապրել չենք կարող… Այո, դա իրոք այդպես էր, ես հոգնել էի խաբելուց և ինձ, և նրան, հոգնել էի ձևացնելուց՝ իբր թե ամեն ինչ կարգին է և ավելին ինձ պետք էլ չէ… Ոչ, ես նրան չեմ նախատում, նա, նա մեղավորություն չունի ոչ մի բանում…– Եվան խորը շունչ քաշեց, շարունակեց.– Իդեալական մարդիկ, թերևս չկան, նա նույնպես իդեալական չէր, բայց իդեալով մարդ էր նա և հաստատ գիտեր հանուն ինչի է ապրում այս աշխարհում։ Եվ ահա, երբ հանկարծ տեսնում ես, որ այդպիսի մարդը արհամարհում է քեզ…
–Եվա, ախր այդ ինչեր ես խոսում,– դարձյալ մեջ ընկավ Ամալյան։
–Պետք չէ, Ամալյա,-մի կիսավայրկյան աչքերը գոցելով ասաց Եվան՝ տարուբերելով գլուխը։-Չէ՞ որ ես կին եմ և զուրկ չեմ ներըմբռնողությունից… Ոչ, ես ամեն ինչ տեսնում էի։ Ես տեսնում էի, որ նա իր ձևով է սիրում ինձ։ Սիրում է իմ մարմինը, իմ մազերը, իմ դեմքը, նույնիսկ իմ թեթևամտությունը։ Բայց ես համաժամանակ տեսնում էի նաև այն, որ նա իր հոգու խորքում արհամարհում է ինձ։ Նա իմ մեջ կանացի կատարելատիպն էր ուզում տեսնել, բայց ավաղ, չէր տեսնում։
–Ինչպե՞ս հասկանալ դա,– սառն արտաբերեց Ելենան։
–Չգիտեմ, բայց զգում եմ, որ տեսնում էր ոչ այն, ինչ ուզում էր,– արձագանքեց Եվան։-Եվ երբ հասկացա դա, ես հանկարծ զգացի այնպես, ինչպես լուսնոտն է զգում իրեն՝ քնից արթնանալով բարձրաբերձ շենքի քիվին։ Եվ ես սկսեցի մտածել՝ իսկ ինչի՞ համար եմ ապրում այս աշխարհում, ի՞նչ եմ ուզում կյանքից և ինքս ինչ եմ տվել։ Ո՞ւմ եմ ուրախացրել նրանով, որ ապրում եմ երկրի երեսին և ո՞վ կհիշի ինձ, երբ այլևս չեմ լինի։ Ես նույնիսկ երեխա չունեմ, որ գոնե երբևէ շնորհակալություն ասի ինձ այն բանի համար, որ կյանք եմ տվել իրեն։ Ես դավաճանեցի իմ սիրուն ու կոխկրտեցի նաև ուրիշինը։