ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - страница 39
–Պարկետն, ասում եմ, հանկարծ չե՞ք փոխել։ Նո՞ւյնն է։
–Պարկե՞տը։ Էդ մեկը չեմ իմանում։
–Ուրեմն էդպես, չես իմանում,– մտազբաղ ասաց ծերունին։– Ասացի՝ գուցե պարկետը փոխել են։
–Չէ, երևի չեն փոխել,– պատասխանեց Մարիամը, պահարանից հանելով թեյի բաժակը։– Առհասարակ նորոգում չի եղել։ Որ եղած լիներ, Եվան կասեր։
–Հա, կասեր… Ուրեմն չեն փոխել։
Մարիամը կասկածամտությամբ նայեց ծերունուն։
–Դու էդ ինչի՞ շարունակ նայում ես չորս կողմդ ու հարցուփորձ ես անում՝ էս մի բանը փոխել են, էն մի բանը չեն փոխել։ Հարցնելու ուրիշ բան չունե՞ս, ինչ է։
–Տան նորոգումը սկսել էի , որ տարան,– դժկամ պարզաբանեց ծերունին՝ հայացքը հատակին։– Ասում եմ, տեսնես ոնց թողել եմ՝ նո՞ւյնն է, թե որևէ բան փոխել են… Հըմ, ուրեմն մեռել է մարդը։
–Ո՞ւմ մարդը։ Ի՞մ.. Մնացել է կռվում։
–Քոնը չեմ ասում,– ձեռքը թափ տվեց ծերունին։– Եվայինը։
–Դե, էդպես էլ ասա, էլի։ Հա, մեռել է, թող հողը թեթև լինի վրան, լավ մարդ էր, չէր խմում, չէր ծխում։ Մի խոսքով, կուլտուրական մարդ էր։– Մարիամը բաժակը դրեց սեղանին, ծերունու առջև, շաքար ու մուրաբա հանեց։– Մենակ վատն էն էր, որ տղան չէր խոսում հոր հետը, խռով էր, իսկ նա թոռանը կարոտում էր։
–Իսկ շա՞տ էր ստանում,– հարցրեց ծերունին։
–Ի՞նչն էր շատ ստանում։
Ծերունին կնճռոտեց դեմքը, ասաց.
–Փող շա՞տ էր ստանում։ Աշխատավարձն ինչքա՞ն էր։
–Ոնց որ վատ չէր, ապահով ապրում էին, հատուկ խանութից ինչ ասես բերում-թափում էին… Մենակ մի բան էր վատ՝ փողի արժողությունը չէր իմանում, ինչ-որ պատահում, առնում, տուն էր բերում։ Մի դրանց նայիր,– Մարիամը խոհանոցի բաց դռնից ցույց տվեց գրադարակների վրա դրված արձանիկները։– Հրեն, ամբողջ փողը էդ բաներին էր տալիս։ Թուհ, մի դրանց մռութներին նայիր։
–Դրանք, ինչ է, թա՞նկ արժեն,– հետաքրքրվեց ծերունին՝ աղմուկով խմելով թեյը։
–Էն էլ ինչքան,– Մարիամն օրորեց գլուխը։– Ձեռքից էր առնում։ Խանութներում չկան։
–Դու մի նայիր է,– զարմանք հայտնեց ծերունին։– Ինչ կա որ, էդ էլ է փող, ուզած ժամանակ կարող ես ծախել։ Եվային ասա, թող հավաքի, մի տեղ դնի։ Դրանից բացի տանն էլի՞ կա։
–Ի՞նչ,– հարցրեց Մարիամը։
–Էդ արձաններից եմ ասում։
–Ես ինչ գիտեմ՝ կա, թե չէ։ Հո ինձ չեն ասել։
–Էդ էլ է ճիշտ,– գլխով համաձայնություն տվեց ծերունին։– Ոչինչ, հետո կիմանանք։ Իսկ խոհանոցում ոչ մի բանի չե՞ն դիպել։
–Ի՞նչ խոհանոց։ Ինչի՞ պիտի դիպչեն։
Ծերունին հուսահատ տարուբերեց գլուխը՝ իբր սրան բան հասկացնել չի լինում։
–Մեր խոհանոցում կամ վաննայում, ասում եմ, նորոգում բան չի՞ եղել,– սկսեց ջղայնանալ ծերունին։– Կաֆելը տեղակա՞նն է, թե՞ փոխել են տվել։
''Հիմի էլ խոհանոցից ու վաննայից է կպել'',– սրտնեղեց Մարիամը։
–Այ մարդ, դու ոնց որ տուն առնելիս լինես։ Ախր , քո տունն է…
–Քու գործը չի,– սաստեց ծերունին, դատարկ բաժակը հրելով սեղանի մեջտեղը։ -Մի հատ էլ լցրու։ Հարց են տալիս՝ պատասխանիր։ Ուրեմս, պետք է, որ հարցնում են։
–Էն նույնն է՝ ոնց որ եղել է։ Ո՞վ պիտի փոխեր։ Էլի՞ բան ունես հարցնելու։
Ծերունին լուռ խմեց թեյը, հետո ծնկներին հենվելով ծանր ելավ տեղից։
–Ավելի լավ է՝ գնամ իմ աչքով տեսնեմ,– ասաց նա։– Եվան եկավ թե չէ՝ ասա թող շուտ գա ինձ մոտ։
''Բանտում խելքը թռցրել է,– ինքն իրեն ասաց Մարիամը, սպասելով՝ մինչև ծերունու ոտնաձայները մարեն ներքևի սանդուղքներին։– Մի գլուխ պատերից ու պարկետից է հարցնում։ Իսկ հարազատ աղջկա մասին ականջի մի ծերով էր լսում։ Կնկա մասին չհարցրեց էլ… Պարզ է, խելքը թռցրել է էնտեղ… Զուր տեղը չեն ասել, որ փողը մարդուն կարող է երկինք տանել ու երկքից գցել ցած''։
Տաք խոհանոցում, սեղանի մոտ նստած, Մարիամն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ննջեց։ Նրան արթնացրեց դռան զանգի ձայնը։ ''Եվան է'',– մտածեց նա և քունը գլխին վազեց դուռը բացելու։ Եվան՝ սև գլխաշորով, հոգնած ու անտրամադիր, մտավ տուն։