Սերը Յուպիտերի վրա - страница 3
–Բեր այստեղ,-կանչեց Ամելին:
Մոտեցա կրակին ու շամփուրը դրեցի մեջը: Օդում ախորժելի բույր տարածվեց: Մենք նստեցինք կողք-կողքի, որ հետևենք խորովածին: Ես ձեռքի հետ սոխ ու կանաչի եմ կտրատում, որ լցնեմ մսի վրա: Հայրիկս այդպես էր անում, կարծեմ:
–Դպրոց գնում ես?-խոսակցություն սկսեցի ես:
–Գյուղում այս տարի է միայն դպրոց բացվել, սեպտեմբերից կգնամ: Իսկ դու?
–Ես ծնողներիս հետ Փարիզ եմ վերադառնում մի քանի օրից, որ այնտեղ առաջին դասարան նստեմ:
–Քաղաքում ես ծնվել?
–Հա, մի տարեկան էի, երբ գյուղ տեղափոխվեցինք:
–Ուրախ ես?
–Չգիտեմ, ինձ այստեղ շատ է դուր գալիս, բայց լավը միշտ համեմատության մեջ է երևում:
–Դու հայրիկ ունես?-անսպասելի հարցրեց նա:
Դեմքս սկսեց զարմանք արտահայտել:
–Հա,-կմկմացի ես,-ինչու?
Ամելիի այտերին արցունքներ հայտնվեցին: Նա մատներով սրբեց աչքերն ու հայացքը հառեց գետի ջրերին: Ես հասկացա նրա տխրության պատճառն ու գրկեցի:
–Մի լացիր, խնդրում եմ, մարդն առանց իր ծնողների էլ լիարժեք է ու կարող է կյանքում հաջողության հասնել:
Ինձ համար շատ ծանր էր խոսելը, միևնույն է`ես երբեք չեմ եղել այդ աղջկա տեղում, հետևաբար չեմ կարող հասկանալ, թե ինչ է զգում, ավելի լավ է փոխեմ խոսակցությունը, որ չխորանա բացասական զգացմունքների մեջ:
–Ինձ հյուր կգաս այսօր?
Նրա դեմքին ժպիտ հայտնվեց:
–Հա, հետո էլ մեր տուն կգնանք:
Խորովածն արդեն պատրաստ է: Մենք ափից լաթի կտոր էինք գտել, դրանով կրակից վերցրինք տաք շամփուրն ու դրեցինք քարերի վրա:
Որոշեցինք մի քիչ լողալ, որ ախորժակներս բացվի: Ջուրն ավելի տաք թվաց, քան առաջին անգամ էր: Ես նկատեցի, որ Ամելին գեղեցիկ է: Նա կապույտ աչքեր ունի, շեկ խուճուճ մազեր, ոչ այնքան նիհար, բայց սլացիկ մարմին, սպիտակ մաշկ: Արտաքինով նա իմ հակապատկերն է, բայց մոտս հիացմունք է առաջացնում: Մենք մոտ տասնհինգ րոպե ջրում մնացինք, հետո որոշեցինք հաց ուտել ու մեր տուն գնալ, որ մինչև մթնելը ժամանակ ունենանք խաղալու: Դուրս եկանք ափ ու նստեցինք ուտելիքների մոտ: Շամփուրի վրայից հանեցինք մսի ու կարտոֆիլի կտորները, որոնք հասցրել էին սառել:
–Խորովածը շատ համեղ է ստացվել, ապրես,-համտեսելով`գովեց Ամելին:
–Անուշ լինի,-ժպտացի ես`հազիվ բերանիցս չթռցնելով, որ հայրիկիցս եմ խոհարարություն սովորել:
–Դու «հարս-փեսա» խաղալ գիտես?-հարցրեց նա`մսի վրա սոխ ու կանաչի լցնելով:
–Հա,-ծիծաղեցի ես:
Մենք կերանք բոլոր ուտելիքները, հավաքեցինք մեր իրերն ու քայլեցինք դեպի մեր տուն: Ճանապարհը անտառի միջով է անցնում, որտեղ լիքը մոշի թփեր կան: Ամելին սկսեց մոշ հավաքել, ու մինչև տեղ հասնելը, ամանը ծայրեծայր լցվեց սև, հյութալի ու հասած պտուղներով:
Մեր տարածքին մոտենալով`ձայն տվեցի մայրիկին, որ բացի ցանկապատի վրայի հսկա դուռը: Մայրիկի փոխարեն շունը վազեց ու իր կատաղի հաչոցներով սարսափեցրեց Ամելիին: Հետո երևաց հայրիկն ու մեզ ներս հրավիրեց: Նրան ուրախացրեց այն, որ ինձ համար ընկերուհի եմ գտել:
Մենք միանգամից սենյակ գնացինք ու սկսեցինք նախապատրաստվել մեր երևակայական հարսանիքին: Ամելին ինձ համար գեղեցիկ զգեստ ու կոշիկներ ընտրեց, երկար մազերս թափեց ուսերիս ու իր վզնոցը կախեց պարանոցիցս:
–Շատ սիրուն հարս ես,-հիացած բացականչեց նա,-գնանք զբոսնենք իմ մեքենայով:
Մեքենա ասելով`նա իմ հեծանիվը նկատի ուներ, որը տեսել էր բակում: Մենք դուրս եկանք տնից, ես տեղավորվեցի ետևի նստարանին, իսկ նա`առջևի:
–Իսկ ուր ենք գնում?-հետաքրքրվեցի ես:
–Փեսայի տուն,-ծիծաղեց նա,-պարզվում է`մենք հարևաններ ենք: Ձեր ցանկապատից երկու մետր այն կողմ եմ ապրում:
–Իրոք? Ափսոս, որ մի քանի օրից քաղաք պիտի վերադառնամ, կկարոտեմ քեզ:
–Լիլի, ինչեր ես խոսում, մենք խաղի մեջ ենք, ախր: Մոռացիր իրականությունը:
–Վայ, կներես:
Հեծանիվով շրջեցինք մեր տարածքով, որը գյուղի մեկ երրորդի չափ տեղ է զբաղեցնում, հետո ցանկապատից դուրս գալով`շարունակեցինք ճանապարհն ու կանգ առանք մի փոքրիկ խրճիթի առջև: