Թ Ու Խ Ճ Ա Յ Ը - страница 5



Մեր գյուղն էն է, որ հպարտ,

Լեռների մեջ միգապատ,

Խոր ձորերի քարափի

Ձեռը տված ճակատի

Միտք է անում տխրադեմ.

Ինչ է ուզում՝ չգիտեմ…

Ինչ-որ մեկը ձիու կապը բռնած գալիս է մեր կողմը։ Ծեր մարդ է, մոտեցավ ''բարի լույս'' ասաց ու սկսեց ուշադիր նայել.

–Ճանաչեցի ոչ,-վերջապես ասաց նա։

–Տեղացի չենք։

–Ո՞ւմ տունն եք գնում,– նորից խոսեց ծերունին։

–Թումանյանի։

Ինձ թվաց, թե սխալ արտահայտվեցի, բայց մարդը բոլորովին չզարմացավ։

–Կարելի ա ,– ասաց նա։– Ուրեմն Օհաննեսի տունն եք գնում,– նա քիչ լռեց, ավելացրեց.-Օհաննեսն ասում էր մարդ պիտի էնպես ապրի, որ մեռնելուց հետո անունը հիշեն։ Ինքն էդպես ապրեց։

–Դուք հիշո՞ւմ եք Թումանյանին։

–Բա ոնց։ Իրենց կտերը կկանգներ, ժողովուրդը կհավաքեր, կխոսեր, խորհուրդներ կտար։ Գեղացիք Օհաննես աղա էին ասում։ Սպասեք ձիս կապեմ գամ…

Օհաննե՜ս աղա։ Ամբողջ կյանքում մի լավ օր չտեսած, հազար ու մի պարտքերի մեջ խրված, ամբողջ կյանքը կողմնակի հոգսերով ծանրաբեռ , ժողովուրդների ճակատագրի ու ազգի տառապանքի ստրուկը՝ ''Օհաննես աղա''. ''…Երեխաներիս ուսման վարձի պատճառով, արգելել են ուսումնարան գնալ, տանս վարձը գրեթե կես տարով մնում է, պարտք անելու տեղ չի մնացել, և պարտքատերերս էլ համբերությունից դուրս են եկել''։ 1902 թվականին ընկերները դիմում են գրել, ուզել են փող հավաքել։ Թումանյանը շատ է վշտացել. ''…Դիմել հազար ու մի մարդու ,– այդ առթիվ գրել է նա Փիլիպոս Վարդազարյանին,– գրել թե Հ. Թ. անապահով է, հիվանդ է, ընտանիք ունի, մի բան ավել ստորագրեք նրա բանաստեղծություններին… ''։ Մի ուրիշ տեղ. ''…ինչ անենք, որ բանաստեղծ լինելով, նյութական նեղության մեջ լինելով, ապավինված եմ մի քանի մարդու օգնության, մի՞թե դեռ պետք է շրջաբերականով հռչակեմ իմ խեղճությունն ու նպաստներ ժողովեմ…''։ Նորից մի ուրիշ տեղ. ''խղճահարվում եմ մինչև անգամ, որ օգնում են ինձ որպես բանաստեղծի, ինձ թվում է, որ ես խաբված եմ, ուրիշներին էլ խաբում եմ, թե բանաստեղծ եմ ես…''։

Մարդը բլրալանջին կապում է ձին, ետ գալիս։ Զրուցելով գյուղ ենք մտնում։

Դեռ նոր էր լուսացել, արևը սարերի ետևից դուրս չէր եկել դեռ, բայց գյուղի տանիքները արդեն արևի մեջ էին։

–Հրե՜ն Թումանյանի տունը։ Թանգարանն էլ էնտեղ է։

Տուն-թանգարանի դիրեկտորը Թումանյանի Վահան եղբոր աղ– ջիկն է՝ Արմենուհի Թումանյանը։ Նա սիրալիր, թումանյանական ժպիտը դեմքին, ընդառաջ է գալիս։

–Բարով եք եկել։ Բայց շատ ափսոս, որ չեք կարողանա ամեն ինչ տեսնել,-ասում է նա,– տուն-թանգարանը նորոգում ենք… Սա Թումանյանի տունն է… Թումանյանի հետ, Թումանյանով ներշնչված, նրա հավերժական ստեղծագործությունների մեջ իդեալականացված ձորերով ու Դեբեդի վշշոցը մեր ականջում՝ նրա հայրական տունն ենք եկել՝ սրտներումս դող ու ակնածանք այն բոլոր հիշատակների հանդեպ, որ այստեղ պիտի խոսեն նրա մասին. որով– հետև այստեղ էր, որ դեռ մանկուց նրա հոգին իմաստավորվեց Դսեղի լուսնյակ գիշերներով ու անուշ զրույցներով, ''…ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջ-բոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի-փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու Մութ աշխարհից…''։

–Սա սալորենու այգին է, գարնանը, երբ սալորենիները ծաղ– կում են, չտեսնված գեղեցիկ են լինում։– Արմենուհու հանդարտ, միալար ձայնն է։ – Սա այն տունն է, ուր ծնվել է Հովհաննես Թումանյանը, սա ձեթի ճրագն է, սա շապիկն է, ահա թիկնոցը, ահա կոշիկները, ահա փողկապը, սա խնոցին, սա ամբարը, սա Թումանյանի մոր ճախարակն է։ Տունը եղել է հողե կտուրով։ ''…Մի մեծ սենյակ ունեինք. օջախը միշտ վառած, երկու կողմից թախտեր, դոշակներ ու մութաքաներ դարսած…''։

Բանաստեղծի տունը… գետնափոր, հողե հատակ, լույսը ընկնում է երթիկից, թոնիրը՝ տան կենտրոնում, բերանը տախտակով ծածկած, խնոցին առաստաղից կախ, օրորոցը…