Արեգակի հակառակ կողմին - страница 5
Ալիմյանը հիշեց իր առաջին ծանոթությունը, իր նախկին ուսանող Թոթոսյանի հետ, որ առաջին հայացքից ակնոցավոր ոչխար էր հիշեցնում: Օ՜, ոչ նա գայլ էր, ոչխարի մորթու տակ թաքնված, այդ ավազակը, որ միշտ իր դասերը բաց էր թողնում և անընդհատ թրիվ էր գալիս սրճարաններում, «հեղափոխական գաղափարակիցներ» փնտրելով: Ու երբ արդեն քննությունները մոտ էին և նրան կանչել էր իր մոտ, զգուշացնելու, որ հնարավոր է դուրս է թռնելու համալսարանից «Վարակային հիվան-դությունների» ամբիոնի նկատմամբ իր անբարտավան պահվածքի պատճառով, նա, այդ «ակնոցավոր ոչխարը», գայլի հայացքով իրեն է նայել և լպիրշ ժպիտով ասել.
– Ու՞մ են պետք, պրոֆեսոր քո բակտերիաներն ու վիրուսները, սնկերն ու պարազիտները: Երկրի իրական պարազիտների և գլիստների դեմ է պետք պայքարել և ճճվաթափ անել երկիրը:
Նա չի կարողացել հակաճառել երիտասարդ ուսանողին, քանի որ գտնում էր, որ նա էլ իրավացի է և ո՞վ գիտե, գուցե նրան հաջողվի ավելի մեծ բան անել երկրի և գիտության համար իր հեղափոխական հայացքներով ու գործնեությամբ: Բայց հետագայում միայն նորից ու նորից համոզվել է, որ լավ հեղափոխական լինելու և երկիրը վերականգնելու համար ավելի շատ գիտելիքներ են պետք, կյանքի և մասնագիտական փորձ, որ չունեն սրճարաններում թափառող, կիսագրագետ նախկին ուսանողները, որոնց համար, իրենց կռվող երկրի համար, բանակում ծառայելն անգամ հիմարություն էին հաշվում: Բայց ի վերջո, գրողը տանի, ինչպես ցույց է տալիս պատմությունը, բոլոր ժամանակներում էլ հեղափոխականների վերջնական նպատակը հիմնականում եղել է նախորդների լափամանը խլելը…
Զգալով իր մեղքի մեծ բաժինը ևս, երիտասարդ ուսանողների դաստիարակության ասպարեզում, Ալիմյանը նահանջեց.
– Մեղավոր եմ, պարոն ավագ լեյտենանտ, դուրս գրեք ձեր կտրոնը, կվճարեմ տուգանքը:
– Տվե՛ք ձեր անձնագիրը, ձեր անձը ճշտելու համար:
– Անձնագի՞րս… անձնագիրս մոտս չէ, տանն է, հիմա կբերեմ:
– Ո՛չ,– սատեց ոստիկանը,– դուք պարտավոր էիք ձեր անձնագիրը կրել միշտ ձեզ հետ: Ահա և երկրորդ օրենքը, որ դուք խախտել եք և պարտավոր եք նաև տուգանք մուծել անձնագիր չկրելու համար ևս 40 000 դրախմ:
– Լսեք, պարոն ոստիկան, ես երկու տարի է չեմ աշխատում, ինձ համար դժվար է այդքան տուգանք մուծելը:
– Դուք թոշակառու չե՞ք,– փորձեց ճշտել երիտասարդ ոստիկանը:
– Ոչ, դեռ 7 տարի էլ ունեմ մինչ թոշակս:
– Ավելի վատ ձեզ համար, դուք խախտել եք ևս մի օրենք, որի պատճառով պիտի մուծեք ևս 100 000 դրախմ:
– Իսկ դա ո՞ր օրենքն է,– ապշած հարցրեց Ալիմյանը:
– Ձրիակերության մասին օրենքը, որ պարտադրում է Արատտայի բոլոր քաղաքացիներին պարտադիր աշխատել:
– Բայց հիմա շատ դժվար է աշխատանք գտնելը, առանձնապես Էրեբանում:
– Ձեզ հետ համաձայն չեմ, կարող եք բենզինի լցակայանում սպասավոր աշխատել, կամ էլ վաճառել ձեր տունը, գյուղում տուն առնել և զբաղվել ոչխարաբուծությամբ, ինչպես պարոն Թավշիկյանն է ասել:
– Գողը տանի, ես կենսաբանության դոկտոր–պրոֆեսոր եմ, վիրուսոլոգ, ես ինչ գործ ունեմ ոչխաարների և ոչխարաբուծության հետ… Ինչքա՞ն տուգանք պիտի մուծեմ:
– 180 000 դրախմ:
– Բայց ես չունեմ այդքան գումար, որտեղի՞ց պիտի մուծեմ:
– Պրոֆեսոր, խորհուրդ եմ տալիս վաճառել ձեր տունը և մուծել տուգանքը: Իսկ մնացածով կարող եք Էրեբանի արվարձաններում մի բնակարան գնել կամ գյուղում տուն և ոչխարների հոտ և իրոք զբաղվել հանրության համար օգտակար գործով: Միևնույն է, հաջորդ տարվանից, Արատտայի նոր օրենքի համաձայն դուք պարտավոր կլինեք նաև ճոխության հարկադրային տուրք մուծել ձեր քաղաքի կենտրոնում գտնվող տան համար…
Պրոֆեսորի գիտակցությունը մթագնվեց, նա մի պահ տեսիլ տեսավ, սարերում ոչխարի հոտ էր պահում, բոլոր ոչխարներն էլ ակնոցավոր էին և Թոթոսյանի նման, իրեն էին նայում գայլի հայացքով ու լպիրշ ժպտում, ուր որ է կհոշոտեին իրեն: