ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - страница 6



–Շատ լավ եղավ,– ասում է մայրիկը ծիծաղելով£– Նորմայից ավել մի խմիր£

–Արուս, էսօր կարելի է,– ասում է հայրիկը՝ նայելով Արգինային£– Էսօր առանձնահատուկ օր է, թանկագին հյուր ունենք£ Գնա մի ուրիշ շիշ բեր£ Ի միջի այլոց,– ավելացնում է նա,– կատակ չեմ անում, թթի օղին, իրոք, բուժական մեծ հատկություն ունի£

Մայրիկն Արգինայի օգնությամբ փոխում է սփռոցը, ափսեները կրկին շարվում են սեղանին£

Մայրիկը գնում է խոհանոց՝ օղի բերելու£ Հարմար պահ որսալով, ես նույնպես վազում եմ խոհանոց£

–Մամ,– ասում եմ ես£– Մամ®

–Ի՞նչ է, Աբիկ ջան£

–Մամ, մեր ի՞նչն է Արգինան£

Մայրիկը զարմանքով նայում է ինձ£

–Դու ցնորվե՞լ ես, այ տղա,– ժպտում է նա£

–Ոչ, բոլորովին,– ասում եմ ես և, որպես ապացույց այն բանի, որ իրոք չեմ ցնորվել, լուրջ, ինչպես դա վայել է խելքը գլխին մարդուն, շարունակում եմ թավ ձայնով,– մամ, մի՞թե որևէ բան չիմանալն ու այդ մասին հարցնելը ցնորվելու նշան է£

Բայց մայրիկը միայն ժպտում և ասում է փութկոտությամբ.

–Հետո, Աբիկ, հետո կպատմեմ, հիմա ժամանակ չկա,– և օղու շիշը խոթելով ձեռքս, ավելացնում է.– սա տար, ես խաշլաման բերեմ£


3.

Այսօր կիրակի է£ Արևը նոր-նոր բարձրանում է դիմացի սարերի ետևից£ Օդը թարմ է, թափանցիկ£ Գյուղը ստվերի մեջ է, որովհետև արևի շողերը դեռ չեն իջել մինչև մեր ձորերը£ Ես նայում եմ Սառնատուն լեռան կողմը, ուր արև է արդեն£ Այստեղ ու այնտեղ դայլայլում են լուսաբացի թռչունները, կանչում են աքաղաղները, ինչ-որ մեկը սկսեց երգել ներքևի ձորում, աղբյուրի մոտ, հետո աղջկական ձայնը մարեց, որովհետև Մաքսիմը գործի գցեց տրակտորը, և երգը կորավ հռնդյունի մեջ£

Մայրիկը բակում կուտ է տալիս հավերին՝ կուտը բռով շաղ տալով բակով մեկ՝ ինչպես սերմնացանն է սերմը նետում ցելերի մեջ£ Եվ նրա ձեռքի ամեն մի շարժումի հետ մեր այդ ցնդած Չալկան ցատկում է հավերի մեջ՝ ֆռռացնելով նրանց այս ու այն կողմ£ Կամացուկ, որպեսզի մյուս սենյակում չարթնացնեմ Արգինային, ես ոտքերիս ծայրերի վրա իջնում եմ բակ՝ ծորակի տակ լվացվելու£ Մայրիկն ինձ որոշ բան պատմել է արդեն Արգինայի մասին£ Եվ ես, չգիտեմ ինչու, նրան հիմա ավելի եմ սիրում£ Մայրիկն ասում է, որ Արգինան շատ է նման իր մորը՝ Դիանային, մայրիկի խոսքերով՝ աշխարհի ամենահմայիչ կնոջը£ Մայրիկը պատմել է նաև, որ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո ուղիղ երեք տարի Դիանա մորաքրոջ հետ միասին աշխատել է միևնույն հիվանդանոցում, և միմյանց հետ եղել են ոնց որ հարազատ քույրեր ու մինչև հիմա չեն մոռացել իրար£

–Արգինան նրա միակ աղջիկն է,– ասում է մայրիկը£– Քսանմեկ տարեկան է արդեն և այս տարի է ավարտել մանկավարժական ինստիտուտը£ Իսկ դու ինքդ, ինչ է, չե՞ս հիշում Արգինային,– անսպասելի հարցնում է մայրիկը£

–Ոչ, մամ, որտեղի՞ց հիշեմ£

–Նա եղել է մեր տանը®և դա ասես երեկ էր,– ասում է մայրիկը£– Այնինչ մի քանի տարի է անցել արդեն® Դպրոցը չէր ավարտել դեռ, կարծեմ ութերորդ թե իներորդ դասարանում էր£ Մոր հետ էր եկել, հետո մայրը գնաց, իսկ ինքը մոտ երկու ամիս մնաց մեզ մոտ£ Մազերը կարճ կտրած, գեղեցիկ՝ շարունակ շրջում էր այգում, ժամերով ականջ էր դնում ծտերի ծլվլոցին, վազվզում էր՝ Չալկան էլ ետևից£

–Չալկան էլ ետևի՞ց,– ծիծաղում եմ ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու£

Ես պատրաստվում եմ նոր հարց տալու, սակայն պատշգամբում, խավավոր երկար խալաթը հագին, երևում է Արգինան, և ես լռում եմ£

–Օ¯հ, ինչ հրաշալի առավոտ է,– ասում է նա և լայն բացում ձեռքերը, ասես ցանկանալով գրկել արևի ճառագայթներով ողողված այս մեծ ու սքանչելի աշխարհը£

–Մեր գյուղում բոլոր առավոտներն են հրաշալի,– հպարտությամբ ասում եմ ես£

Արգինան, կկոցելով աչքերը, երազկոտ նայում է հեռավոր սարերի կողմը£ Իսկ ինձ, չգիտես ինչու, այնպես է թվում, թե այդ պահին նա մտովի ծովափնյա իրենց քաղաքում է՝ այստեղից հազարավոր սար ու ձոր անդին£ Ճշմարիտն ասած, իմ այդ միտքը բոլորովին դուր չի գալիս ինձ£