ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - страница 16
Ինձ թվում էր՝ հաջորդ օրը կավարտենք գործը և՝ հետ, բայց ստացվեց այնպես, որ ստիպված եղանք ուշանալ ևս երկու օր և քաղաք վերադարձանք միայն հինգշաբթի օրը, կեսօրից ետ: Զարմանալի է, ամբողջ ճանապարհին մտածում էի՝ տեղ հասնենք թէ չէ՝ իսկույն կզանգեմ Ռենային, բայց հետո սկսեցի տատանվել ու փոխեցի միտքս. չէ՞ որ բաժանվելիս նա ոչինչ չասաց, իսկ զանգել՝ առանց նրա համաձայնության՝ հարմա՞ր է արդյոք:
Գլխավոր խմբագրի հետ քիչ զրուցեցինք, նա նոր անեկդոտ պատմեց մեկի մասին, որը, անսպասելի վերադառնալով հեռավոր գործուղումից, մտնում է տուն ու տեսնում՝ մահճակալին օտար մի տղամարդ: Նայելով վերմակի տակից դուրս մնացած նրա ոտքերին, հարցնում է՝ «Սա ո՞վ է»: «Ո՞վ է, ո՞վ է, – վրա է տալիս կինը: – Որ էնքան ասում էի՝ մուշտակ առ ինձ համար, առա՞ր: Ինքն առավ: Եղե՞լ է, որ գոնե մի անգամ ծովափ տանես ինձ: Իսկ ինքը տարել է: Բա ամառանո՞ցը: Մեքենա՞ն: Դու, ի՞նչ է, կարծում ես երկնքի՞ց է ընկել էդ բոլորը: Հիմի էլ ուզում է փող տա, որ նոր բնակարան առնենք»: «Որ էդպես է, – ասում է ամուսինը, – ոտքերը ծածկիր, թէ չէ՝ կմրսի»:
Ես ծիծաղելով ելա տեղից, ուզում էի դուրս գալ, գլխավորը հարցրեց.
– Սուրճ չե՞ս խմի:
– Կխմեմ, – ասացի, կրկին նստելով բազմոցին:
Գլխավորը սեղմեց սելեկտորի կոճակը, ասաց.
– Արինա, սուրճ չե՞ս պատրաստի Լեոյի համար:
– Մեծավ ուրախությամբ, – արձագանքեց Արինան, և ես ձայնի մեջ զգացի նրա անթաքույց հրճվանքը:
Գլխավորը նայեց ինձ, բազմանշանակ ժպտաց:
Քիչ անց Ժան Լիոտարի «Շոկոլադ բաժանող աղջիկը» կտավի գեղեցկուհու պես սկուտեղը բռնած՝ հանդիսավորությամբ ներս մտավ Արինան՝ ծիծաղկուն նայվածքով ողջունելով ինձ:
Ես պատասխանեցի նրա ողջույնին, ասացի.
– Արինա, վերջին մի երկու օրվա թերթերը բեր, խնդրում եմ:
Սուրճը հաճելի էր, բավականությամբ խմեցի, բարձրացա տեղից:
– Շնորհակալություն, հոգնածությունս անցավ:
– Լեոնիդ Հուրունցն այստեղ է, տեսա՞ր: Լորաննայի մոտ նստած, զրուցում են: Նա առաջ այստեղ՝ ռուսական խմբագրությունում էր աշխատում:
– Ոչ, չեմ տեսել:
Խմբագրության՝ միջանցքի վրա բացվող դռներին նայելով՝ գնացի դեպի իմ առանձնասենյակը: Սենյակում շոգ էր, փողկապիս հանգույցը թուլացրի, միացրի օդորակիչը: Նստեցի սեղանի մոտ, աչքիս տակով նայելով հեռախոսին: Ոչ, չեմ զանգի, վերջնականապես որոշեցի ես:
– Նորից բարև, – ներս մտնելով ասաց Արինան, թերթերը դնելով իմ առջև, սեղանին: – Ինչո՞ւ ուշացար, մեռանք սպասելով, – ավելացրեց նա, նստելով իմ դիմաց մշտական իր կեցվածքով՝ բերանը կիսաբաց, արմունկը հենած սեղանին, ձեռքը՝ այտին, Կանովայի քանդակների կանանց հազիվ նշմարելի հարցական ժպիտը շուրթերի անկյուններում:
– Ուզում էի տեսնել՝ կկարողանա՞մ ներել քեզ, թե ոչ:
– Ի՞նձ, – ձեռքը դնելով կրծքին, քթիկը ժնգռնած հարցրեց նա:
– Այո, – կատակախառն տոնով ասացի ես և հանկարծակի հիշեցի. Ավիկ Իսահակյանի մասին ես միայն իրեն՝ Արինային էի պատմել, սպասիր, ի՞նչ առիթով էր, հա՛, Բերիայի մասին խոսք եղավ, և ես ասացի, որ համալսարանում Ավիկ Իսահակյանը մեզ դասախոսում էր, և որ նա ամուսնացած էր Բերիայի թոռնուհու հետ, որը միաժամանակ Մաքսիմ Գորկու ծոռնուհին էր:
Պարզ է, Արինան այդ մասին պատմել է Արմենին, և նա՝ խորամանկը, կառչել էր դրանից, զանգել ինձ:
– Ինչի՞ համար, – հարցրեց նա, ստորին շրրթունքն ատամի տակ սեղմած, ուշադիր նայելով ինձ:
– Ավիկ Իսահակյանի մասին որևէ բա՞ն ես պատմել Արմենին:
– Կարծեմ… այո, նա գլխավորի մոտ էր, դուրս եկավ, հետաքրքրվում էր, քո մասին հարցրեց… Հա… Ավիկ Իսահակյանի մասին պատմեցի, նա այդ մասին ոնց որ թե չգիտեր… իսկ ի՞նչ է պատահել:
Ես Արինային կարճ պատմեցի ռեստորանի մասին, հարցրի.
– Իմ բացակայության ժամանակ Արմենը չի՞ երևացել այստեղ:
– Ոչ… – Արինան լայն բացված աչքերով նայում էր ինձ: – Ի¯նչ կեղտոտն է… Կարգին մարդու տեղ էինք դրել… Լեո, ներիր, խնդրում եմ, մեղավոր եմ…