ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - страница 17
– Դե լավ, գլուխը քարը: – Ներքուստ հաճելի էր զգալ նրա անաղարտ մաքրությունը, բայց նրա երազկոտ ու դյուրահույզ հոգու հետ խաղալը նույնպես հաճույք էր պատճառում: – Մտածում էի՝ գուցե իրար հետ պայմանավորված եք արել, բայց տեսնում եմ, որ չէ…
– Տեսնո¯ւմ եմ, որ չէ… Լեո, դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում, – տեղից փութկոտ վեր թռչելով շառագունած ասաց նա՝ անարդարացի մեղադրված մանկան հուզիչ անկեղծությամբ: – Չէ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում:
– Դե լավ, նստիր, կատակ էր, – ծիծաղեցի ես: – Դու կատակ ասած բանը հասկանո՞ւմ ես: Նստիր, գլխավորը մի լավ անեկդոտ պատմեց, նստիր պատմեմ:
– Նստիր պատմեմ… – դեռևս նեղացած, երեխայի պես շուրթերն ուռցրած, ասաց Արինան, կրկին նստելով իմ դիմաց:
– Դասախոսը հարցնում է ուսանողուհուն. «Ձեր ազգանո՞ւնը»: «Դարբինյան», – պատասխանում է ուսանողուհին ու ժպտում: «Իսկ ինչո՞ւ եք ժպտում», – զարմանում է դասախոսը: «Գոհ եմ, որ ձեր առաջին հարցին ճիշտ պատասխանեցի», – ասում է ուսանողուհին:
– Գլխավորն այդպիսի բան չի պատմել, – արդեն ժպտալով պատասխանեց Արինան: – Դա դու հնարեցիր: Ոչինչ, սրամիտ է: Բայց կուզենայի ասել քեզ, որ ես ինստիտուտը գերազանց գնահատականներով եմ ավարտել…
– Դե, իհարկե, այլապես ինչո՞ւ պիտի ոսկե մեդալ տային:
– Մեդա¯լ տային… և չես էլ ամաչում, – աչքերը կկոցած՝ մտերմական տոնով նախահարձակ եղավ Արինան, – էն մեծ մարդուն ինչո՞ւ էիր ձեռ առել՝ «Գուցե ոչ թե ինստիտուտ, այլ համալսարա՞ն», – բերանը ծռմռելով տնազեց Արինան: – Նա էլ եկել տանը ոգևորված պատմում, հպարտանում էր, որ այդպիսի սրտացավ բարեկամ ունի: Ի միջի այլոց, նա ուզում էր գալ քեզ մոտ:
– Ինչո՞ւ: Կարո՞ղ է, փոշմանել է, ուզում է, որպեսզի ազատենք քեզ աշխատանքից:
– Ընդհակառակը, – ծիծաղեց Արինան: – Ուզում է, որ հարսներից մեկին էլ տեղավորես աշխատանքի:
– Սպասիր՝ գրիչ վերցնեմ, բոլորդ միասին քանի՞ հարս եք:
– Մի վախեցիր՝ ընդամենը երեք, – կրկին ծիծաղեց Արինան: – Միջնեկ տագրս, ինչ էլ ուզում է լինի, չի թողնի, որ կինն աշխատի, սաստիկ խանդում է:
– Ուրեմն, մնաց մեկը: Ես շատ ուրախ եմ:
– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես:
– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ:
– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես… – Արինան ծիծաղեց, թափահարեց գլուխը, – լսիր, ես ուրախ եմ, դու ուրախ ես, նա ուրախ է, վա¯յ աստված, սրանք իմ գլուխն ուտելու են: «Մոզգս» արդեն շարժվեց: Մի խոսքով, մնում է մեծ տագրոջս կինը՝ Սիլվան:
– Սիրո՞ւն է:
– Սիրո՞ւն է… Քե՞զ ինչ՝ սիրուն է, թե չէ:
– Լսիր, չպիտի՞ իմանամ՝ ում եմ երաշխավորում:
– Նրանց սիրո՞ւն է պետք, թե մասնագետ:
– Սիրուն մասնագետ:
– Սիրուն մասնագետ… լեզուդ չլիներ՝ քաջքերը քեզ վաղուց տարած կլինեին:
– Քաջքերը տարած լինեին՝ ձեզ ո՞վ պիտի աշխատանքի տեղավորեր: Ի՞նչ մասնագիտություն ունի: Անուն, ազգանուն: Տարիքը:
– Տարիքը… դրանից էլ սկսեիր, – բարկացավ Արինան: – Տնտեսագիտականն է ավարտել:
– Տառերը գիտի՞:
Հոնքը կեռած՝ աչքի տակով նայեց, ծիծաղեց.
– Ի՞նչ տառեր:
– Շարունակիր, ազգանուն, անուն:
– Մեր ազգանունը նույնն է՝ Դարբինյան: Դարբինյան Սիլվա, քսաներեք տարեկան: Հոկտեմբերին լրանում է քսաներեքը: Ուրի՞շ:
– Կոմիտեի հաշվապահությունում ազատ տեղ կա: Գլխավոր հաշվապահը՝ Սեիդոզաևան, կարծում եմ, չի մերժի: Զանգե՞մ:
– Չէ, պետք չէ, – առարկեց Արինան, – սպասիր Սիլվայի հետ խոսեմ՝ նոր: Վաղը կասեմ: Սա ի՞նչ ծոցատետր է, – լայնածավալ սեղանի անկյունում, թղթապանակների արանքում ընկած սևակազմ ծոցատետրը վերցնելով՝ ասաց Արինան, հարցական նայելով ինձ:
– Երևի Արմենն է մոռացել: Վերցրու, երևաց՝ կտաս իրեն:
Արինան ելավ տեղից:
– Նախկինն այնտեղ նստած ինձ է սպասում, գնամ: Էդ հուշերով նա իմ հոգին հանելու է, հաստատ բան եմ ասում: – Դռան մոտ նա շրջվեց, հենց այնպես, ի միջի այլոց, ասաց,– էն աղջիկն էր եկել: