ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - страница 7
– Լեո, վերջին անգամ եմ հարցնում, հետո կփոշմանես:
Ռենան մի ումպ արեց շամպայնից, սպասողական նայեց ինձ:
– Չեմ փոշմանի, – պատասխանեցի ես: – Եթե քեզ պետք է՝ հրավիրիր, ինձ պետք չէ:
Արմենն ընդոստ շարժումով տեղից ցատկեց և, շրջանցելով սեղանները, գնաց դեպի դահլիճի մյուս ծայրը:
– Ոդիսևսը գնաց Տրոյան նվաճելու, – կատակեց Ռենան:
Քիչ անց թխահեր աղջիկն արդեն պարում էր Արմենի հետ: Նա աղջկան, երևի, ինչ-որ զվարճալի բան էր պատմում, սա շարունակ ծիծաղում էր, մեկ-մեկ գլուխը հակելով Արմենի ուսին:
– Լեո, ուզում եմ տուն զանգել, – ասաց Ռենան՝ քիչ առաջ թեքվելով: – Հետաքրքիր է, ավտոմատ-հեռախոս չկա՞ այստեղ, – հարցրեց նա մտախոհ տեսքով: – Մերոնք կարող են անհանգստանալ:
Ես գոտկատեղից հանեցի ռադիոհեռախոսը, որ դեռևս նորություն էր, միացրի, պարզեցի Ռենային, ներքուստ ուրախանալով, որ նրա հեռախոսահամարը կմնա խոսափողի մեջ: Ռենան երախտագիտությամբ նայեց ինձ, որ ստիպված չպիտի լինի հեռախոս որոնել և, վերցնելով խոսափողը, սկսեց սեղմել թվանշանները: Նա որոշ ժամանակ սպասեց մինչև կարձագանքեին հեռախոսագծի մյուս ծայրում, հետո սկսեց խոսել: Երաժշտության տակ նրա ձայնը չէր լսվում, վարդավառ շուրթերին մերթընդմերթ ծաղկում էր ժպիտը:
Ռենան ավարտեց խոսակցությունը և, ուրախ տրամադրությամբ վերադարձնելով ռադիոհեռախոսը, ավելացրեց.
– Շնորհակալություն: Ասացի, որ մի քիչ ուշ կգամ: Նրանք արդեն անհանգստանում էին:
Նվագը դադարեց, և մենք տեսանք, որ թխահեր աղջկա մերկ ուսերը գրկած, դարձյալ շրջանցելով սեղանները, Արմենը մոտենում է մեզ:
– Ոչ, դա Ոդիսևսը չէր, – ասացի ես ծիծաղելով: – Տրոյայի թագաժառանգ Պարիսն է դա, Հեղինեին առևանգած՝ Սպարտայից տանում է Տրոյա: Եվ եթե գիրուկը նրա Մենելաոսն է, – ավելացրի, – ուրեմն մեր կործանումը նույնպես անխուսափելի է:
Մինչ այդ Արմենը, նրա հետ և թխահերը՝ բավականին խմած ու խմածությունից վարդագույն, հայտնվեցին մեր սեղանի մոտ:
– Հունա-տրոյական պատերազմ չի՞ լինելու, – հարցրի ես:
– Ի՞նչ պատերազմ, – չհասկացավ Արմենը:
– Դու չհարցրի՞ր՝ նա մենա՞կ է այստեղ, թե ամուսնու հետ:
– Իյա¯, – բութ մատն ու ցուցամատը վեր՝ ծիծաղեց Արմենը: – Վախեցող ես գտել: Մարգարիտա Վոյտենկո, – ներկայացրեց նա: – Թե իմանայիք ինչպիսի դժվարությամբ հաջողվեց ինձ կոտրել սքանչելի Մարգարիտայի համառությունն ու հրավիրել մեզ մոտ: Չէր գալիս ու չէր գալիս:
– Ո¯չ, – գլուխը տարուբերեց Մարգարիտան: – Փչում է, ես սիրով ու իմ հոժար կամքով եկա և, նայելով ձեր սեղանին, տեսնում եմ, որ, այո, չեմ սխալվել, – ծիծաղեց նա, ձեռքը մեկնեց ինձ, հետո Ռենային: – Աստված իմ, մի սրանց սեղանին նայեք. սև խավիար, կարմիր խավիար, խորոված, տապակա, անանաս… Էս ի՞նչ եք անում, լսեք, չե՞ք վախենում «օբեխեսեսից», դուք ինչ է, Խորհրդային Միությունում չե՞ք ապրում, մեր ժամանակավոր դժվարությունները չե՞ք տեսնում: Արմեն, շուտ նստեցրու ինձ, կարող է ուշաթափվեմ:
Մենք լիաթոք ծիծաղեցինք:
– Հիմա, Մարգարիտա ջան, հիմա, – Արմենը ծնկով կոպտորեն բոթեց ինձ, – ա՛յ տղա, շարժվիր, – հայերեն ասաց նա, – քեզ համար եմ բերել:
– Իսկ ես չե՞մ ասել քեզ, որ ինձ պետք չէ, – կողքի անցա ես ժպտալով:
– Չհասկացա, – անսպասելի հայերենի անցավ Մարգարիտա Վոյտենկոն, – ես ծախու ապրա՞նք եմ ձեզ համար:
Ռենան տարակուսած՝ չէր հասկանում, թե ինչ է կատարվում և ինչի մասին է մեր խոսակցությունը, նայում էր մեզ, իսկ ես ու Արմենը մնացել էինք ապուշ կտրած:
– Վայ, Մարգարիտա ջան, ներիր, – շաղակրատեց Արմենը, – բա ինչո՞ւ չէիր ասում, որ հայուհի ես, հայերեն գիտես:
– Առիթ չկար, – ծիծաղեց Մարգարիտան ու պատմեց, – մի մարդ հինգ-վեց տարեկան իր որդու հետ, որը ծնված օրից ի վեր չէր խոսել, և դա մեծ դժբախտություն էր հոր համար, գնում է անտառ՝ ծառ կտրելու: Նա կացինն առած կտրում հա՛ կտրում է, մի երկու քայլ ետ է գնում՝ տեսնելու՝ ծառը ո՞ր կողմի վրա է ընկնելու, և որդին հանկարծ գոչում է. «Պապա, ծա¯ռը»: Հայրը մի կողմ է ցատկում, վիթխարի ծառը դղրդալով տապալվում է: «Ուրեմն դու խոսել գիտեի՞ր, – շշմած ասում է հայրը, – բա ինչո՞ւ մինչև հիմա չէիր խոսում»: «Առիթ չկար», – պատասխանում է տղան: Այնպես որ, Արմեն ջան, առիթ չկար, – ծիծաղելով ավարտեց Մարգարիտան: – «Հայ ես դու, հայ ես դու, հայ եմ ես, վայ քո ցավը տանեմ ես», – երգեց նա ամուր կառչելով Արմենի թևից: – Դո՛ւ ես ինձ հրավիրել այստեղ, ուրեմն քո մոտ էլ կնստեմ: Լեո, – կարգադրեց նա, – անցիր այն կողմ: Դու հո դե՞մ չես, – հարցրեց՝ դառնալով Արմենին: