Հետ շրջելով ժամանակը - страница 3



Pu: Եվ հենց այդ՝ արհեստականորեն սինթեզված, նվազ կենսունակ, այդ պատճառով էլ՝ փոքրաքանակ առկայությամբ ռադիոակտիվ տարրը ժամանակի մեքենայի մեջ կիրառվում է որպես վառելանյութ: Դրա օգնությամբ կարելի է տեղափոխվել ժամանակի մեջ այն զանգվածի համամասնությամբ, որն առկա է:

Անցյալ տեղափոխվելու վերաբերյալ հետազոտությունները իրականացել են երկու ուղղություններով. զուտ տեխնիկական՝ ենթադրելով հենց այդ պլուտոնիում իզոտոպի կուտակումը, որի միջոցով աշխատում է ժամանակի մեքենան, և մյուսը՝ անձնակազմի ուսուցման՝ ինչպես իրեն պահել: Գլխավորը՝ չփչացնել: Երբ տեղափոխությունը իրագործվում է մեկ, երկու օրում …մեկ ամսում: Ոչ մի սարսափելի բան չկա: Սակայն ժամկետի երկարացումը մեծացնում է անցյալ տեղափոխվելու ազդեցությունը ներկայի և ապագայի վրա՝ երկրաչափական պրոգրեսիայով: Եվ շատ կարևոր է աշակերտներին սովորեցնել՝ իրենց ինչպես պահեն ապագան փոխելու անհրաժեշտության առաջացման դեպքում:

Հասկանալի է, որ կարևոր է նաև հոգեբանական պատրաստվածությունը: Պատկերացնում ես՝ տեղափոխվում ես անհայտություն: Շուրջ բոլորը դատարկություն է: Դու պաշտպանված ես միայն մեքենայի բրոնյայով: Բացի այդ, նվազագույն մի սխալ, և հայտնի չէ՝ ուր կվերադառնաս, ինչ ներկա, եթե ընդհանրապես կվերադառնաս:

– Եվ այդ ամենը դու մեկ ուրիշի հետ էլ ես քննարկե՞լ, – հետաքրքրվեց Ջեկը:

– Բնականաբար: Ինչո՞ւ ես հարցնում:

– Աստվա՛ծ իմ, Ջուլյա՛, կարելի՞ է այդքան միամիտ լինել: Դու բոլորից խելացի՞ ես: Քեզանից բացի, ինչ-որ մեկին այդ հարցերը հետաքրքրե՞լ են:

– Չգիտեմ: Կարծես թե՝ ոչ: Հա՜, այնտեղ կա նաև ուսուցման այսպիսի առարկա՝ «Պաշտպանական դաշտի ստեղծում», որն անտեսանելի է ուրիշների համար: Դա նույնպես անհրաժեշտ է անցյալ տեղափոխվելու համար, որպեսզի չվախեցնես շրջապատողներին և ինքդ հանգիստ դիտես, թե ինչ է եղել այնտեղ մեկ ամիս կամ մի տարի առաջ: Ընդ որում, տեղափոխվող մոգը հնարավորություն ունի, իր ցանկությամբ, շրջապատի համար լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի: Վերջին դեպքում նա պետք է օգտագործի ինչ-որ պաշտպանական էկրան, անանցանելի թաղանթ, որի ստեղծման տեխնոլոգիան ընդգրկված է ուսուցման այլ առարկայի մեջ: Ահա այդպես:

– Ուզում ես ասել, որ այդ ամենը հասկացել ես մի-երկու դասի ընթացքու՞մ:

– Ես լավ հիշողություն ունեմ:

– Ու դու կարող ես ստեղծել այդ էկրանը…

– Բանն էլ այն է, որ՝ ո՛չ: Դա իմ մասնագիտությունը չէ: Մենք միայն տեսական դասընթաց ենք անցել: Ավելին, ես որևէ մեկին չեմ ճանաչում, որն անցյալ տեղափոխված լինի ժամանակի՝ որոշ չափով նշանակալից հատվածում: Ես ուզում էի հաճախել այդ դասընթացի ֆակուլտատիվ պարապմունքներին, բայց ֆակուլտետի ղեկավարության կողմից այնպիսի հակառակության բախվեցի, որ որոշեցի այդ հարցը ապագային թողնել: Եվ, գիտես, ես անգամ շնորհակալ եմ նրանցից: Քանի որ այժմ որևէ կասկած չունեմ այն բանում, որ ուսուցման հաջորդ երեք տարիներին պիտի պարապեմ մոգության դպրոցում:

– Ոչ մի լավ բան: Դու գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչի մեջ ես խրվել: Հասկանո՞ւմ ես, թե խոսքն ի՜նչ փողերի մասին է:

– Հասկանում եմ, որ այդ ամենը շատ տարօրինակ է, – պատասխանեց Ջուլյան:

– Ու դա միակ տարօրինակությունը չէ:

Ջեկը խորասուզվեց իր մտքերի մեջ:

– Եթե ամեն ինչ վաղուց էր հայտնի, ինչո՞ւ այդ մասին մեզ չեն տեղեկացրել: ε-գալակտիկայից Երկիր հասնելու համար անհրաժեշտ է հաջորդաբար լինել մի քանի միջակա ուղեծրային կայաններում, որտեղ վառելիքի, պարենի, թթվածնի պաշարներ կան: Այդպիսով, գերտարածությունների միջով Երկրի ուղեծրային կայան կարելի է հասնել քսանչորս ժամում: Այնտեղից կանոնավոր հաղորդակցություն կա Երկրագնդի հետ: Երկու-երեք ժամը մեկ իրականացվում են տիեզերանավի առևտրական երթերը, որը գիտնականներին, տիեզերական զբոսաշրջիկներին, նաև բեռներ է հասցնում Երկիր, իսկ այնտեղից՝ հակառակ ուղղությամբ: Անհրաժեշտ է տեղը նավում նախապես ապահովագրել: Ես հիմա քեզ համար տեղ եմ ամրագրում: Բայց դու այնտեղ չես հայտնվի: Դու նավ չես նստի: