Հետ շրջելով ժամանակը - страница 4
– Իսկ ես ինչպե՞ս կհասնեմ Երկիր:
– Վայրէջքային մոդուլով, սև անցքի միջոցով կընկնես զուգահեռ, այնտեղից էլ՝ իրական աշխարհ: Դու մոգ ես, կարող ես: Եվ հիշիր՝ չես կարող երկար ժամանակ գտնվել զուգահեռ աշխարհի այլ չափման մեջ, քանի որ այդ տարածությունը լավ է վերահսկում մոգության դպրոցը: Երկրի վրա՝ իրական աշխարհում, հսկողությունը պակաս կլինի: Այնտեղ հիմնականում գործում են երկրային տեխնոլոգիաները: Ուստի դու նրանց մեջ առավելություն կունենաս:
– Բայց ես չեմ կարող կառավարել վայրէջքային մոդուլը:
– Իսկ դա քեզ պետք էլ չէ: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ես հենց հիմա կբացատրեմ: Սև անցքը քեզ դուրս կհրի ինչ-որ տեղ: Դու կհայտնվես զուգահեռ աշխարհներից ինչ-որ մեկի այլ չափման մեջ, ազատ թռիչքի վիճակում: Այնտեղ էլ կհասկանաս անելիքդ:
– Հուսադրեցիր, բան չունեմ ասելու: Ինչի՞ համար է այդ զգուշությունը, Ջե՛կ: Ոչինչ պետք չէ հորինել:
– Վերցրու շարժական Աստրոիդը: Դրան հնարավոր չէ մինչև վերջ հետևել: Այն ոչ մեկը չի գրանցել: Դրա վրա միայն մի համար կա՝ իմը: Ես այդպիսի մի համար ևս ունեմ՝ քոնը: Եվ հիշի՛ր ծածկագրերը: Աստրոիդ մուտք գործելու ծածկագիրը՝ 2198MSch, միջգալակտիկական WiFi մտնելու թույլտվության ծածկագիրը՝ 17ε-GJV: Աստրոիդը գործում է իրական ու զուգահեռ՝ ինչպես ներկա, այնպես էլ անցյալ աշխարհներում: Չպահպանես ծածկագրերը: Յուրաքանչյուր սեանսից հետո անջատիր Աստրոիդը: Բոլոր պարագաներում անջատի՛ր սնուցման բլոկը: Առնվազն հիսուն տարի լիցքավորման կարիք չի լինի: Բայց զգո՛ւյշ եղիր: Մի՛ վնասիր միջուկային մարտկոցների պատիճները: Դա թշնամիների դավերից ավելի սարսափելի է:
– Ջե՛կ, գուցե դու տեղյակ չես, սակայն բարդագույն ձևերի հեռափոխադրության ուսումնասիրությունը իմ մասնագիտացումն է: Եվ բարձրագույն ձևի դեպքում անձի փոխադրումն իրականացվում է նրա թվային ծածկագրի փոխանցման հաշվին:
– Դե, այո՛, իհարկե, ամեն ինչ կախված է ազդանշանի հաղորդումից: Պրինտերը տպում է այն, ինչ իրեն տալիս է ազդանշանը: Տպվում են տեքստը, բանաձևը: Նշանակում է՝ մարդուն էլ կարելի է տպել:
– Մի՛ ծաղրիր, խնդրում եմ: Իսկապես, ելակետային օբյեկտին հանձնելու համար կարելի է օգտագործել հոլոգրաֆիկ եռաչափ պրինտերը: Իսկ որպես կապի միջոց է ծառայում միջգալակտիկական WiFi-ը:
– Հրաշալի է: Պետք է ենթադրել՝ դու կարող ես օգտվել Աստրոիդից:
Բայց Ջուլյան այլևս չէր լսում Ջեկին:
– Պատկերացնու՞մ ես, Ջե՛կ, դու կարող ես ծածկագիրը փոխանցել գալակտիկաներին, ճամփորդել գալակտիկաներում: Թռիչքի անհրաժեշտությունն էլ կվերանա: Պարզապես կարելի է միջգալակտիկական WiFi-ով ուղարկել տեղեկությունը: Ինչպիսի՜ ազատ տարածություն երևակայության համար: Դա դեռ ամենաչնչին բանն է: Եվ դա իրականություն կդառնա: Միայն ծածկագրի հետ կապված որոշ բարդություններ են մնացել: Ջուլյան միշտ զարմացնում էր Ջեկին: Որոշակիորեն, նրանք ապրում էին տարբեր չափումներում: Խոսքն աղջկա անվտանգության մասին էր, գուցե՝ կյանքի, իսկ նա ռոմանտիկ երազանքների գիրկն էր ընկել:
– Եվ քանի դեռ հեռափոխադրման քո բարդ ձևերը չեն գործում, մենք պիտի թռիչքը իրականացնենք, – միայն կարողացավ արտաբերել Ջեկը: – Ի՜նչ ձանձրալին ես, Ջե՛կ, – ասաց Ջուլյան: Նա վիրավորված էր: – Դու ինձ ինչու՞ լուրջ չես վերաբերվում: – Այն էլ ինչքա՜ն լուրջ: Հենց այդ պատճառով էլ անհանգստանում եմ քեզ համար: Մի՞թե դու չես հասկանում, որ դա թակարդ է: – Բանն ի՞նչ է, Ջե՛կ: Դարձյալ ի՞նչն է սխալ: – Ամեն ինչ: Եվ Ջուլյայի դեմքի տարակուսանքը նկատելով՝ ավելացրեց. – Լավ, այլևս գլուխդ չեմ տանի իմ կասկածներով: Բայց ուշադիր լսի՛ր ինձ: Երբ որ տեղ կհասնես, միանգամից չգնաս նշանակման վայրը: Մի քիչ ման արի, շուրջդ նայիր: Աշխատիր հասկանալ՝ որտեղ ես, շրջապատում ինչ է կատարվում: Եվ ինձ տեղյակ պահիր: Խոստացի՛ր, որ ամեն ինչ կանես այնպես, ինչպես ասացի ես: – Մի՛ կասկածիր, զգույշ կլինեմ, – վստահեցրեց Ջուլյան: – Գլխավորը դրդապատճառն է: Ի՞նչն է քո համեստ անձի նկատմամբ նման հետաքրքրություն հարուցել: – Կպարզենք, ամեն ինչ կհաղթահարենք, – պատասխանեց Ջուլյան: – Եթե անգամ չպարզենք էլ, համենայն դեպս, գլուխ կհանենք: Ես քեզ հավատում եմ, Ջուլյա՛: Դու խիզախ ես, – քաջալերեց աղջկան Ջեկը: Այնինչ անցյալ տեղափոխվելու ծրագիրն արդեն մեկնարկել էր: Դրա վրա շատ փող էր ծախսվել: Եվ ինչքան գեղեցիկ էր կազմակերպվել ամեն ինչ. «Մենք չափազանց շատ ենք աղտոտել բնությունը: Այդ ամենը կարելի է փոխել»: Մոգության դպրոցը շատ ջանքեր էր թափել: Տեղի է ունենում զանգվածային գիտակցության նպատակաուղղված զոմբիացում: Երկրի վրա ամենուրեք կախված են մարդկանց՝ անցյալ տեղափոխելու գիտափորձի մասին հայտարարություններ: Հեռուստատեսությամբ կլոր սեղանների շուրջ են հավաքվում գիտնականներ, տնտեսագետներ, քաղաքագետներ: Հնչում են ելույթներ ծրագրի անհրաժեշտության, տնտեսական նպատակահարմարության և իրականացման մասին: Գովազդային հոլովակներ են պտտվում, որտեղ մուլտ-նկարներում, անգամ երեխաներին հասկանալի ձևով նկարագրվում են գիտափորձի նպատակները և խնդիրները: Կամավորներին առաջարկվում են մեծ գումարներ և երազանքի իրականացման հնարավորություն: Կիլոմետրերով հերթեր են գոյանում կամավորների ընտրության զանազան կետերում: Նրանցից շատերը փախստականներ են, ամեն ինչ, նաև հույսը կորցրած մարդիկ: Իսկ սա հնարավորություն է: Բազմաթիվ ցանկացողներից դեռահասների խումբ են հավաքում հատուկ ճամբարում: Բայց այդ ամենի մասին Ջուլյան տեղյակ չէ: Այնպես, ինչպես մինչև վերջին ժամանակները դպրոցում չգիտեին, թե ով է հենց ինքը՝ Ջուլյան: Նա սովորում էր ուրիշի անվան տակ: Մինչդեռ Ջուլյան դուստրն էր ω-գալակտիկայի տիրակալի, որին տապալել էր սեփական եղբայրը՝ նրա կնոջն ու որդիներին սպանողը: Աղջիկը հրաշքով էր փրկվել: Նրան դաստիրակության էին հանձնել խորթ ծնողների: Ջուլյային սատարող ուժերը մտադիր են նրան վերադարձնել օրինական իշխանությունը, երբ կլրանա աղջկա տասնութ տարին: Իսկ առայժմ նրանք ֆինանսավորում են նրա ուսումը մոգության դպրոցում: Այդ դպրոցը գալակտիկաների կառավարման համար կադրերի պատրաստման դարբնոց է: Այն ֆինանսավորվում է այդ գալակտիկաների տիրակալների տրամադրած միջոցներով: ω-գալակտիկան՝ որպես ամենամեծը և հզորը, հատկացնում է ամենաշատ միջոցները: Դպրոցն ավարտելու պահին Ջուլյան լավագույն շրջանավարտն է: Ջուլյայի հեղինակությունը և ինքնագնահատականը բարձրացնելու, ինչպես նաև գալակտիկային մանրամասն ծանոթացնելու նպատակով, քանզի նա պիտի կառավարեր այն, հովանավորները որոշեցին, որ աղջկա պրակտիկայի վայրը պիտի լինի ω-գալակտիկան, որտեղ ժամանակին պրակտիկա էր անցկացրել նաև նրա մայրը: Մոգության դպրոցում ուսումը շարունակելու համար, բարձր գնահատականներից բացի, պահանջվում էր Գալակտիկաների տիրակալների խորհրդի երեք անդամի երաշխավորագիրը: Ջուլյայի անձնական գործի մանրազնին ուսումնասիրությունից ω-գալակտիկայի ղեկավարությանը ինչ-որ կերպ հայտնի դարձավ, թե ով է Ջուլյան: Եվ նրանք աղջկան ուղարկեցին Երկիր: Հաշվարկը պարզ էր: Երկրի վրա բնապահպանական աղետները չափազանց շատ են, նրան սպառնում է սովը: Այդ մոլորակը նախատեսված չէ այդ քանակությամբ մարդկանց համար: Անկառավարելի գործընթացներից խուսափելու համար տարբեր ծրագրեր են մշակվել: Դրանցից մեկը մարդկանց՝ անցյալ տեղափոխելն է, նրանց ճակատագրերի փոփոխությունը: Անցյալը կառավարելով՝ գալակտիկաների տիրակալները փորձում են փոխել պատմության ընթացքը: Ծրագիրը բարդ է: Ջուլյան, փորձառություն չունենալով, սխալ թույլ կտա, այնպես որ ծրագրի իրագործման ընթացքում կհաջողվի նրանից ձերբազատվել: Եվ դպրոցի վարկը չի արատավորվի: Արդեն մի քանի ժամ անց, ինքն իր մասին և իր հետ կապված՝ ապագայի պլաններից անտեղյակ, Ջուլյան վայրէջքային մոդուլով մոտեցավ սև անցքին: Այն սկսեց աղջկան ներս քաշել: Ջուլյան կորցրեց կառավարումը և հսկայական արագությամբ դեպի անդունդ էր սլանում լիակատար խավարի մեջ, որին հերթագայում էին փայլատ լույսի բռնկումները: Այդ զարհուրելի խավարի մեջ, այն է՝ պիտի ուշաթափվեր, երբ սև անցքը նրան լույս աշխարհ նետեց: «Ամբողջովին ինչպես երազում, – փայլկտաց աղջկա գլխում, – նշանակում է՝ իմ ժամանակը դեռ չի հասել»: Նա մոդուլից դուրս եկավ և կախվեց բազմաչափ տարածության մեջ, որն առանձնացել էր եռաչափ ուրվագծով: Դրա մեջ շարժվելով ինչպես միջանցքում՝ Ջուլյան դեմ առավ անցքի: «Որտե՞ղ եմ ես: Մի բան պարզ է՝ Երկրի վրա, զուգահեռ աշխարհում: Դա արդեն լավ է: Համենայն դեպս, այստեղից պետք է դուրս պրծնել»: Հեռացնելով անցքի կափարիչը և վայր իջնելով, ավելի ճիշտ՝ սողալով սանդուղքով դեպի ներքև՝ Ջուլյան հայտնվեց մութ, խոնավ, գարշահոտ ստորերկրյա թունելի մեջ: «Բարի գալուստ Երկրի վրայի իրական աշխարհ, Ջուլյա»: Նա վառեց լապտերը՝ լուսավորելով իր ճանապարհը: Ոտքերը հրաժարվում էին իրեն ենթարկվել: Ճանապարհի յուրաքանչյուր մետրը նա հաղթահարում էր գերագույն ջանքերով: «Ոչինչ, կվարժվեմ տիեզերական ձգողականությանը»: Այդպես, ոտքերը քարշ տալով թունելի միջով, Ջուլյան հասավ անտառի եզրին և տապալվեց գետնին: «Ինչ լավ է, կարելի է մի փոքր հանգստանալ», – մտածեց նա և փակեց աչքերը: Կես ժամ անց Ջուլյան արդեն շարժվում էր քաղաքի ուղղությամբ: Հանդերձանքը նա թաքցրեց անտառում: Իր հետ վերցրեց միայն ամենաանհրաժեշտը: Երթուղու վերջնակետը կամավորների պատրաստման ճամբարն էր: Թե ի՞նչ եղավ հետո, կարդացե՛ք հաջորդ գլուխը՝ կիմանաք: