ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - страница 33



–Դու չպետք է չափից դուրս խստապահանջ լինես նրա նկատմամբ,– ասաց Ելենան։-Նրա վրա ահագին պատասխանատվություն է դրված՝ անթիվ-անհամար զանգեր, պլանների ժամանակին կատարում, դեպուտատական պարտականություններ, արտադրական հազար ու մի հոգսեր ու այլ և նման բաներ։ Նա պարտավոր է պահանջկոտ լինել մարդկանց նկատմամբ։

–Արդարացնելու հարկ չկա, Լենա։ Ես Ռաֆայելին քեզնից պակաս չեմ սիրում, դու դա գիտես, բայց այնուամենայնիվ շատ դեպքում մարդկանց վատ հարաբերությունները նրանց լավ հատկությունների շարունակությունն են։ Բայց չէ՞ որ ուրիշները դրանից թեթևություն չեն զգում։ Ոչ, Լենա, այդպիսի բաների հանդեպ աչք փակելը պակաս հանցագործություն չէ, քան անտարբերությունը։

–Այո, թերևս դու ճիշտ ես, – ասաց Ելենան։ – Նա ժպտուն աչքերով նայեց Ստեփանին և անսպասելի ասաց- Գիտե՞ս, դու շատ ես նման Հեմենգուեին։

–Գիտեմ, Ռաֆայելն ասել է։

–Ճի՞շտ։ Եթե Ռաֆայելն էլ է ասում, ուրեմն իրոք նման ես։ Իսկ հիմա վերցրու աղոթագրքերդ և անցիր մյուս սենյակ, ես պետք է կարգի գցեմ այստեղ։

–Ախր, Լենա…

–Եռանդ ու թափ հաղորդելու, ինչպես նաև սիրտ տալու մասին ճառերն այսօր հետաձգվում են։ Եղա՞վ։

–Բայց, լսիր, միայն սատանան գիտի, թե ինչ է սա… Հազարից մի անգամ եկել ես ինձ մոտ…

–Ես հազարից մի անգամ չեմ եկել, Ստեփան, դու սխալվում ես։ Ես մշտապես քեզ մոտ եմ գալիս, միայն թե երբեք տեղ չեմ հասնում։ Շարունակ մնում եմ կես ճանապարհին։ Մի՞թե դու չգիտես որ ամբողջ կյանքում կարելի է անցնել ամենակարճ տարածությունը և, այնուամենայնիվ երբեք չհասնել նպատակին…Ստեփան,– շարունակեց Ելենան հանկարծակի այլայլվելով,– եթե քեզ մի բան պատահի, ապա, իմացիր, որ կգամ քո ետևից, ինչպես դեկաբրիստների կանայք էին գնում տաժանակրության իրենց ամուսինների ետևից։

Ստեփանը վճռական քայլերով մոտեցավ Ելենային ու կանգնեց երկու քայլի վրա։

– Լենա, – շշնջաց նա։– Այն, որ դու հատկապես այսօր ես եկել ինձ մոտ… Ինձ համար այսպիսի մի պահի…

–Սպասիր, չհամարձակվես մոտենալ, – մի տեսակ ասես վախեցած արտաբերեց Ելենան, նստելով բազկաթոռում ու ձեռքերով ծածկելով դեմքը։– Չմոտենաս։

–Քեզ ի՞նչ պատահեց, Լեն, – շփոթված հարցրեց Ստեփանը՝ չհամարձակվելով տեղից շարժվել։

–Ես… Ոչինչ չեմ ուզում,-գլուխն օրորելով, արցունքների միջից արձագանքեց Ելենան, – Ինձ պետք չէ, լսո՞ւմ ես, ինձ պետք չէ քո երեխտապարտությունը…


*******


Եղանակը մեղմ էր, տրամադրող։ Դուրս գալով ռեստորանից, Ռաֆայելը թևանցուկ արեց կնոջը, և նրանք, զգուշանալով մեքենաների անվերջանալի հոսքից, անցան պողոտան, որից այն կողմ ընկած էր ծովափնյա երկայն զբոսայգին, և քայլեցին ափամերձ ծառուղիով։ Այս ու այնտեղ զույգ-զույգ, խմբերով կամ պարզապես մենակ, դանդաղ զբոսնում էին մարդիկ, ծառերի տակ, կիսամթան մեջ դրված նստարաններին, ասես արտաքին աշխարհից մեկուսացած, տաքուկ քչփչում էին միայնակության սիրահարները։

–Գեղեցիկ քաղաքներ շատ կան մեր երկրում ու նրա սահմաններից դուրս, – ասաց Ռաֆայելը, մի պահ ականջ դնելով ծովի հեռավոր շնչառությանն ու ալիքների աղմուկին։-Բայց մեր քաղաքի նման սքանչելի քաղաք չկա երևի ոչ մի տեղ…

Ամալյան ժպտաց ամուսնու խոսքերի վրա ասաց.

–Իսկ այդ ո՞վ է, որ չի սիրում իր ծննդավայրը։ Այն բոլորի համար է պաշտելի։

–Չէ, ես որտեղ էլ որ ծնված լինեի, միևնույն է, կսիրեի Բաքուն։ Անհնար է այն չսիրել։ Մեկ-մեկ հավատալս չի գալիս, որ ես ապրում եմ այստեղ, շրջապատված մարդկանցով, որոնք ուզած պահին կարող են օգնության ձեռք մեկնել։ Մի բան պատմեմ, լսիր. դա անցյալ տարի էր, մոռացել եմ քեզ ասել, Մոսկվայից էի գալիս, գնացքը մի քանի ժամ ուշացավ, տեղ հասանք լուսումութին։ Չուզեցի գալ տուն, արթնացնել քեզ ու երեխաներին, եկա ծովափ, նստեցի մի նստարանի՝ սպասելով լուսանալուն։ Ծովը հանդարտ ու խորախորհուրդ ծփում էր։ Հետո մի սառը քամի անցավ։ Զբոսայգու ծառերը քնից արթնացած՝ խշշացին, հատ ու կենտ թռչուններ այս ու այնտեղ իրար ձայն տալով սկսեցին երգել, և նրանց երգը գնալով սաստկանում էր։ Մի տեսակ ընկալելի ու անընկալելի՝ քաղաքի վրա բացվում էր լույսը և հաճելի էր մտածել, որ այդ լույսը ինձ համար, քեզ համար, մեր երեխաների համար է բացվում և որ այդ լույսը երջանկություն կբերի բոլոր մարդկանց՝ մեծ թե փոքր։ Դա ուղղակի հրաշք էր։ Մինչև հիմա մոռանալ չեմ կարողանում։