ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - страница 35



–Չգիտեմ, Ռաֆայել,– մտազբաղ ասաց Ամալյան։– Քեզ հաղթելն այնքան էլ դյուրին չէ։ Դու վերջում միշտ էլ իրավացի ես դուրս գալիս։ Բայց, այսօր, գիտե՞ս…

–Գիտեմ,– ընդհատեց Ռաֆայելը ,– այսօր իմ իրավացիությունը, չգիտես ինչու, քեզ դուր չի գալիս։ Ճի՞շտ կռահեցի։

–Այո…– ասաց Ամալյան, և գլուխն արագ թեքեց ամուսնու կողմը։-Իսկ դու ի՞նչ իմացար։

–Դա այնքան էլ դժվար չէ,– պատասխանեց Ռաֆայելը։– Չէ՞ որ այն ինձ նույնպես դուր չի գալիս։

Ծովային նավահանգստի մոտ նրանք շրջվեցին ետ և լռին քայլեցին դեպի ավտոբուսի կանգառ։ Զբոսայգին հետզհետե դատարկվում էր։ Լռությունն առաջինը խախտեց Ամալյան։

–Ռաֆայել, ես քեզ վերջերես հարցրի՝ հավատո՞ւմ ես արդյոք, որ Ստեփանը հանցագործություն է կատարել,– ասաց նա։– Դու չցանկացար ասել ճշմարտությունը, իսկ սուտը լսել ես չուզեցի։

–Այո, հետո՞։

–Ներիր ինձ, Ռաֆայել, բայց ես հիմա համաձայն եմ լսել այդ սուտը։

–Ամենից շատ ես հենց դրանից էի վախենում։ Ուրեմն քո հավատն իմ հանդեպ այնպես հիմնովին է խախտվել, որ սկսել ես հենարանի կարիք զգալ։ Ոչ, Ամալյա, սուտը ամենահամապատասխանը չէ այդպիսի հումքի համար։

Ամալյան հանդիմանությամբ նայեց Ռաֆայելին։

–Այդպես կշտամբանքով մի նայիր ինձ,– ասաց Ռաֆայելը։– Ես հասկանում եմ, որ չկա առավել նողկալի բան, քան պարզորոշ դրված հարցին խուսափողաբար պատասխանելը։ Ուստի, ավելի լավ է մի քիչ էլ սպասենք, տեսնենք ինչ կասի փորձաքննությունը։

–Փորձաքննությունն իր տեղը, իսկ դո՞ւ։

–Գուցե օբյեկտիվ բնույթի տեխնիկական ինչ-որ անսարքություն է եղել ապարատի մեջ… փորձաքննությունը ցույց կտա։ Այսպես ժամանակից շուտ դժվար է որևէ բան ասել…

–Ռաֆայել, ինձ քո կարծիքն է հետաքրքրում,– ընդհատեց նրան Ամալյան։– Ախր, տեսնում եմ, դա թաքցնել անհնարին է. քեզ ինչ-որ բան մտատանջում է, ինչ-որ մի միտք, որից դու, հավանորեն, կուզենայիր ազատվել, սակայն չես կարողանում։ Ասա ինձ սրտինդ, և դու քեզ լավ կզգաս։ Ախր, չէ՞ որ ուրիշ չեմ ես քեզ համար։

Ռաֆայելը լուռ էր։ Նա նայեց դատարկ պողոտային. ոչ մի մեքենա չէր երևում։

–Ավտոբուս չկա,– հայացքը փախցնելով, անորոշ ասաց նա։

–Եթե քեզ համար դժվար է, ես ինքս կարող եմ ասել, – Ռաֆայելի խոսքին ուշք չդարձնելով, ասաց Ամալյան…

–Իսկ ի՞նչ պիտի ասես։

–Կամ Ստեփանի, կամ էլ Եվայի մասին դու այնպիսի բան գիտես, որ ոչ ոք չգիտի։ Ճի՞շտ է։

–Ինչի՞ց եզրակացրիր։

–Անտոնյանի զոհվելու օրը դուք հիվանդանոցից եկաք տուն, հիշո՞ւմ ես։

–Այո։

–Այնտեղ էին նաև Ստեփանն ու Եվան։

–Ես դա հիշում եմ։

–Դու բոլորի մոտ սկսեցիր հարցուփորձել Ստեփանին։

–Հետո՞ ինչ։

–Մի՞թե պարզ չէ, որ նման սարսափելի ողբերգության մասին, երբ այնքան թարմ է դեռ վերքը, այդպես մանրամասնորեն չեն խոսում ջահել կնոջ ներկայությամբ, եթե նույնիսկ այդ կինը չի սիրել իր ամուսնուն… Քո ձայնի մեջ նախատանք կար, կարծես Ստեփանը նախօրոք գիտեր, որ Անտոնյանը պետք է մահանար այդ օրը։ Դրա համա՞ր չսարքեցիր արդյոք այդ ամբողջ հարցաքննությունը։ Ասես դու գիտեիր, որ Ստեփանն ու Եվան պայմանավորվել են ինչ-որ բանում, և դու ուզում էիր ստուգել քո կասկածները…

–Նայիր, տաքսի է գալիս,– Ռաֆայելը առաջացավ և, բարձրացնելով ձեռքը, կանգնեցրեց սրընթաց մոտեցող տաքսին։


*******


Ռաֆայելն ուզում էր լաբորատորիա՝ Ստեփանի մոտ իջնել պլանավորումից անմիջապես հետո, բայց ստացվեց այնպես, որ նրա մոտ պատվիրատուներ եկան նավթավերամշակման գործարանից, ու նա ստիպված եղավ կրկին կանչելու գլխավոր ինժեներին ու տեխնոլոգիական բաժնի պետին, և նրանք երկար ժամանակ վիճաբանում էին այն մասին, որ եռամսյակն ավարտվում է, այնինչ ինստիտուտի մեղքով ձգձգվում էին կոմպրեսորային սարքերի նախագծման աշխատանքները։ Նա ազատվեց միայն ընդմիջումից մի քանի րոպե անց և իջնելով լաբորատորիա, տեսավ, որ լաբորատորիայի դուռը փակ է։ Ռաֆայելը թեթևակի ծեծեց դուռը, ուզում էր ետ դառնալ, բայց այդ պահին բացվեց այն։ Ստեփանը՝ սպիտակ խալաթը հագին, միանգամայն գունատ՝ ինչպես Ռաֆայելին թվաց, կանգնել էր դռան մոտ։