ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - страница 7



Վերևում բարձր, շատ բարձր, կամիր լույս արձակելով մի օդանավ անցավ, հետո մի

աստղ պոկվեց, գնաց, կորավ աստղերի մեջ։

Երկնքի անհուն, հեռու խորքերի

Անմուրազ մեռած սիրահարներ

Աստղերը թըռած իրար են գալիս…

– Սա Թումանյանի բարձունքն է։ Դսեղ գյուղը հիմա կոչվում է Թումանյան, հրեն Թումանյան բանավանը, Թումանյան կայարանը։ 950 աշակերտի համար դպրոց ենք կառուցում, էլի Թումանյանի անունով ենք կոչելու։ 21 կիլոմետր հեռավորությունից Փորթ-փորթ աղբյուրի ջուրը գյուղ ենք բերում և աղբյուրը էլի Թումանյանի անունով ենք կոչելու։ Սանահինի քարափին ամբողջ հասակով մեկ կանգնեցնում ենք արձանը։– Դսեղ գյուղի կոլտնտեսության նախագահ Սարգիս Աղաբեկյանն է խոսողը։

– Այնպես որ, համատարած Թումանյան է,– ժպտում է Արմենուհին և արտասանում է Էմինի տողերը.

Երբ Թումանյանը աշխարհում չկար,

Արդյոք Լոռվա սեգ լեռները կայի՞ն…

–Չկային,– իսկույն ասում է Սարգիս Աղաբեկյանը ու շարունակում է,– Էս ձորում՝ Ձաղի ձոր ենք ասում, Թումանյանի պապոնց այգիներն են եղել, որի մասին ''Հին օրհնության'' մեջ գրել է։ Լույս լիներ, կգնայինք, կնայեինք, ընկուզենիների բները մնում են դեռ։ Էն ձորում էր ապրում Ղոխնանց պապը։ Հիշո՞ւմ եք, ''Հառաչանքում'' գրած է։ ''Հառաչանքում'' գրածը հենց ինքը՝ Ղոխնանց պապն է պատմել Թումանյանին։

Ռիման նայում է ժամացույցին։ Ուշանում ենք։

– Մեր Գուգարանց աշխարհը, մեր Լոռվա ձորը բարով հիշեցեք,-ասում են Սարգիս Աղաբեկյանն ու Արմենուհին։

Մենք արահետով իջնում ենք դեպի Քոլագերան։ Մեզ ծանոթ արահետն է. մորոլվելու վախ չունենք։



Քուն էր մտել անտառը, և լուսինը բարձրից հսկում էր անտառի անուշ քունը, այնտեղ, ձորում աղմկում էր գետը՝ Դեբեդը, և միալար լռության մեջ, Դեբեդի միալար վշշոցի հետ ասես մեկը կամաց երգում էր մութ ձորում.

Հեյ , պարոններ, տեսա կանաչ գարունքին

Էս սարերում լաց էր լինում մի պախրա,

Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին

Էս սարերում լաց էր լինում մի պախրա

Գընդակն առած գնում էր փուչ աշխարքից

Գանգատվելով մարդու անգութ արարքից

Արյուն տալով, մղկտալով իր վերքից

Էս սարերում լաց էր լինում մի պախրա…

Մութ ձորում, իրոք, կարծես թե տխուր երգում էր ինչ-որ մեկը։ Հետո Փամբակի լեռներում սուլեց, այնուհետև երևաց Երևան-Թբիլիսի գնացքը։ Մենք արագացրինք մեր քայլերը։



Ներքևում երևում էին արդեն Քոլագերան կայարանի լույսերը։


=============



ՓՈՐՁԱՐԿՈՒՄ


Այս կողմերում հազվադեպ են ամպրոպները և թերևս դա էր պատճառը, որ Եվան, արթնանալով քնից, սկզբում չհասկացավ, թե ինչ թնդյուն-դղրդյուն է դրսում։ Հետո պարզորոշ լսեց ջրհորդաններում աղմկող ջրի ձայնը, ու նա հասկացավ, որ անձրև է տեղում։ Երբեմն առ երբեմն՝ նախ թույլ, ապա հետզհետե ահագնանալով, որոտում էր երկինքը։

Սովորություն էր՝ առավոտները չէր ուզում ելնել անկողնուց։ Սիրում էր երկար մնալ այդպես տաք ու փափուկ անկողնում, լսել դրսի ձայները, տրվել հուշերին։ Վերջին ժամանակները, չգիտես ինչու, նա ավելի հաճախակի էր տարվում այդ հուշերով։ Ինչո՞ւ էր այդպես՝ հասկանալ, ըմբռնել չէր կարողանում։ Նրան անհանգստություն էր պատճառում հատկապես այն հանգամանքը, որ, ասես ճակատագրի չար հեգնանքով, և նախկին ամուսինը՝ Ստեփանը, և նորը՝ Դավիթ Ավետովիչը, աշխատում էին նույն լաբորատորիայում, կողք-կողքի։ Ավելի շուտ՝ դա ոչ թե անհանգստացնում, այլ մի տեսակ բարկացնում, անբավականության զգացում էր առաջացնում իր մեջ։ Գնալով՝ Եվան ավելի ու ավելի էր ափսոսում իր թեթևամիտ քայլի համար, որ տեղի տվեց հոր շարունակական հորդորներին, բաժանվեց Ստեփանից։ Այո, վարձով էին ապրում, դժվար էր, Ստեփանի աշխատավարձի կեսից ավելին գնում էր դրան, իսկ հայրը դիտավորյալ չէր օգնում, թեպետ դրա հնարավորությունն ուներ։ Հայրը դժգոհ էր Ստեփանից, որ, փոխանակ ասպիրանտուրայում մնալու, գերադասեց գնալ նավթահանքեր։ Հորը կատաղեցրեց նրա այդ քայլը։ ''Նա կուլտուրական կյանքով ապրել չգիտի,– ասում էր հայրը,– այդպիսիները կարիքի մեջ են լինում շարունակ։ Ես գեղեցկուհի աղջիկ չեմ մեծեցրել , որ նավթագործ բանվորի տամ, դուրս եկ դրանից, ես գիտեմ, թե ում հետ եմ ամուսնացնելու քեզ։ Մինիստրի հետ եմ ամուսնացնելու։ Հարստության, ոսկու մեջ լող ես տալու''։ Ինչո՞ւ, ինչո՞ւ լսեց նրան, եթե ինքը երջանիկ էր Ստեփանի հետ։ Պարզապես չհասկացավ դա, չուզեց հասկանալ։ Հայրը, իրոք, մինիստրի հետ ամուսնացրեց նրան. Դավիթ Ավետովիչը արդյունաբերության մինիստրի տեղակալ էր ու միաժամանակ դասախոսում էր քիմիայի ինստիտուտում։ Ստեփանը նույնպես այդ ինստիտուտն ավարտեց։ Իսկ ինքը երրորդ կուրսից թողեց, դուրս եկավ։ Դարձյալ հիմարություն արեց։ Հերթական հիմարությունը։ Եվան կարոտով մտաբերեց կուրսեցիներին՝ Լեոնիդին, որ գաղտնածածուկ սիրահարված էր իրեն, Ռաֆայել Ալիզադեին, որ հիմա նավթաքիմիական պրոցեսների ինստիտուտի դիրեկտոր է, Ելենային, որի հետ շատ մոտ էր և որը, համաձայն իր խոստովանության, վաղուց, դեռևս դպրոցական նստարանից, սիրում էր Ստեփանին։ Կրկին ու դարձյալ Ստեփանին հիշեց, վերստին ապրելով այն գեղեցիկ պահերը, որ անվերադարձ անցան ու էլ ետ չեն դառնալու… Եվան հանկարծ հիշեց, թե ինչպես մի անգամ Ստեփանը քիչ էր մնում խանդից սպաներ իրեն այն բանի համար, որ ինքը ժպիտով պատասխանել էր հարևանի բարևին։ Աստված իմ, ինչպես է նա կարողանում Դավիթ Ավետովիչի հետ աշխատել միասին, ինչպիսի մտքեր են ծագում նրա մեջ։