Мое время, или Осенний дневник (на армянском языке) - страница 13
Նրա դպրոցը գործում է չորս տարի, մինչև 1905 թ-ի հայոց դպրոցների փակումը ռուսական կառավարության կողմից:
Առաջին համաշխարհային պատերազմում զոհվում է նրա սիրելի որդին՝ Ավետիքը: Դա տեղի է ունենում Սարիղամիշի տակ: Այդ մասին հետո վկայում է Պիճայենց Մեսրոպը, որը կռվում էր նրա հետ միասին. այն Մեսրոպը, որը զայրույթի պահին կրակել էր մինարեթից երգող մոլլայի վրա ու վայր գցել:
Այդ վիշտը քիչ է մնում կործանի Վանո Տացուին: Նորից սկսում է խմել: Միակ ելքը նա համարում է որդու մանկության վայրերից հեռանալը և հեռանում է՝ գյուղում թողնելով իր գրադարանն ու ձեռագրերը: Մինչև կյանքի վերջը նա ուսուցչություն է անում Ծալկայի գյուղերում:
Այդ գյուղերից մեկում տեղի է ունենում մի դեպք, որը պատմվում է մինչև հիմա:
Արդեն սովետական իշխանության տարիներն էին, Վանո Տացուն պարապում էր անգրագիտության վերացման նպատակով մեծահասակների համար բացված հատուկ դպրոցում: Ինչ-որ պատճառով աշակերտները նրան խիստ զայրացնում են, և նա, հավանաբար խմած լինելով, հայհոյում է.
– Ընկեր Լենինն ասել է՝ սովորել, սովորել, սովորել: Սովորում եք՝ սովորեք, չեք սովորում՝ ձեր տիրոջ…
Մեծ աղմուկ է բարձրանում, աշակերտները բողոքում են, նրան ձերբակալում են, ընդ որում ոչ թե խմած լինելու կամ աշակերտներին հայհոյելու համար, այլ մի անմիտ մեղադրանքով՝ իբր թե նա ընկեր Լենինին էր վերագրել և՛ «սովորել, սովորել»-ը, և՛ հայհոյանքը… Ձերբակալել, բայց անմիջապես ազատ էին արձակել, որովհետև իբր ասել էր, թե անձամբ ճանաչում է Ստալինին, ընկերություն է արել հետը Գորիում և որպես ապացույց ինչ-որ համատեղ լուսանկար էր ցույց տվել:
Ի՞նչ ընկերության մասին է եղել խոսքը՝ հայտնի չէ:
1937 թ-ին Մարկոս պապիս ինչ-որ մեկը գաղտնի տեղեկացրել էր, որ Վանո Տացուին կասկածում են դաշնակցական լինելու մեջ և պիտի գան տունը խուզարկելու: Սարսափահար պապս գիշերն այրել էր նրա ձեռագրերի տետրերը, զանազան թղթեր ու նամակներ, նրանց հետ նաև ողջ գրադարանը:
Ի՞նչ էր գրել Վանո Տացուն առանձնության երկար գիշերներին, ի՞նչ կար դեղնավուն թերթերով այն տետրերի մեջ՝ մնում է անհայտ:
Եթե կարելի լիներ հավատալ, որ ձեռագրերը չեն այրվում…
… Նախքան օդան ու թոնրատունը մենք երկար սրահներ ունեինք, որ բակ էինք կոչում: Անսովոր մարդը մոլորվում էր մեր բակերում, իսկ մենք ազատորեն ելումուտ էինք անում անգամ մթան մեջ, պատերի ամեն մի քարը, ամեն մի դուռ իր բացվելու և փակվելու հատուկ ձայներով ծանոթ ու հարազատ էին: Շատ տարիներ հետո այդ դռներից մեկի վրա, որ Մենձ դուռ էինք կոչում, թափված հին ներկի տակից երևաց Վանո Տացուի ձեռքով փորագրված հետևյալ երկտողը.
Պահե անունդ անկորուստ՝
Թե աղքատ լինես, թե հարուստ…
Հիմա չկան ոչ այն երկար սրահները, ոչ էլ այդ դուռը:
Մեր գերդաստանի անցյալի սահմանը գետն էր, որով անցել էր նա հին հայրենիքից գալու ժամանակ, իսկ ապագայի սահմանը այն ցուրտ ձմեռը եղավ, երբ մեր տունը դատարկվեց:
Խավարի մեջ մենք մեր տան ճանապարհը գտնում էինք, իսկ հիմա լույս օրով մոլորվեցինք, ըստ երևույթին, դժվար թե հաջողվի անկորուստ պահել մեր անունը հայրենիքից դուրս:
Գուցե քեզ տարօրինակ թվա, բայց ուզում եմ այստեղ վերջացնել, աղջիկս: Մնացածը դու գիտես, որոշ բաներ էլ կգտնես այս օրագրի հաջորդ էջերում:
* * *
Ես միշտ սիրում էի քրքրել իմ հին օրագրերը: Մի անգամ էլ այդպես նայելով գտա ռուս գրող Միխայիլ Պրիշվինի ինչ-որ նամակից այսպիսի մի քաղվածք.
–Այն մարդը, որին դու սիրում ես իմ մեջ, ինձանից լավ է, ես այդպիսին չեմ, բայց դու սիրիր, և ես կձգտեմ ինձանից լավ լինել…
Իսկ ես կարծում էի, թե Պրիշվինը կենդանիներից ու բույսերից բացի ուրիշ բաների մասին չի գրել:
Ես այդ քաղվածքը կատարել էի շատ վաղուց, երբ հավատում էի այդպիսի բաների, իսկ հիմա ափսոսում եմ, որ ոչ ես եմ առաջվանը, ոչ էլ այս ժամանակը: