Мое время, или Осенний дневник (на армянском языке) - страница 21



Իմ սրտին մոտիկ էր Վահան Տերյանը ժամանակի իր ընկալմամբ: Ինձ թվում էր, թե դա իմ գյուտն է, իմ գաղտնիքը, որովհետև այդ մասին ոչ մի տեղ գրված չէր: Գրում էին նրա հոռետեսության, հեղափոխական ոգևորության ու վերադարձի մասին, իսկ ժամանակը մոռանում կամ անտեսում էին:

Տերյանի մոտ, ինչպես ասում են, մինորն ու մաժորը, լույսն ու խավարը հաջորդում են իրար, նա ինչպես որ հոռետես է, այնպես էլ լավատես, ինչքան որ հուսահատ է, այնքան էլ ոգևորվող ու լուսավոր: Նույնն էլ ժամանակը, նա կարծես թե խույս է տալիս ժամանակի մասին հոգեմաշ մտքերից, նրա համար գոյություն ունի մի հատուկ ժամանակ, ուր միախառնված են ներկան, անցյալն ու ապագան:

Ահա մի քանի տող նրա տարբեր բանաստեղծություններից.

Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում անցյալն ու ներկան իրար է խառնում, ինձ համար չկա ժամ ու ժամանակ, ապագա և անցյալ և ներկա խառնվել են իրար, ինձ համար չկա այսօր ու երեկ, ու թվաց հանկարծ, որ չկան, չկան անցյալն, ապագան, օրորում է անուշ մի թախիծ և գալիք, և ներկա, և անցյալ…

Տերյանական այդ ժամանակն անշարժ է, անսկիզբ ու անվախճան, նա չի հոսում, չի հեռանում ու կորչում: Դա հավերժական խաղաղության ու երանության մի ներկա է, որպիսին երազում էի ես.


                        Չեմ ուզում ոչ անցյալը հիշել,

Ոչ գալիք օրերին նետել հույս,

Հանգիստ է իմ շուրջը և գիշեր

Ու սիրտս չի տենչում արշալույս…


Երբ առաջին անգամ կարդացի Ավետիք Իսահակյանի «Հիշատակարան»-ը և այնտեղ այսպիսի գրառում գտա, զարմացա.

– Անցյալի օրագրությունն այժմ չեմ կարող գրել, քանի որ հենց ամեն մի տառը գրելիս ներկան դառնում է անդարձ անցյալ…

Ճիշտ և ճիշտ իմ մտքերը բայի ժամանակը բացատրելիս: Կարդում ու թեթևանում էի, նշանակում է միայն ես չեմ տառապում ժամանակի այդ հիվանդությամբ:

Մեծ բանաստեղծը, որ կյանքի, մահվան ու ժամանակի գաղտնիքները հասկանալու համար կրոններ, փիլիսոփայություններ էր ուսումնասիրել, կյանքի մայրամուտին ցավով հասկացավ, որ պատասխան չկա իրեն տանջող հարցերին և ուզում էր հեռանալ, փախչել ժամանակից…

Եթե հնար լիներ փախչելու… Կարելի է խուսափել բարձրությունից, ցածրությունից, լույսից ու խավարից, փախչել, ազատվել ջրհեղեղից, երկրաշարժից, անգամ մարդուց… Իսկ ու՞ր փախչես ժամանակից:

Մենք ժամանակի գերին ենք: Յուրաքանչյուր վայրկյան ներկան անցյալ է դառնում, և մենք ներկայի մեջ մնալ չենք կարողանում, փախչում ենք դեպի անցյալ կամ ապագան ենք տենչում: Երազում ենք այն, ինչը գալու է անխուսափելի կերպով, անխուսափելին ենք տենչում… Ներկան կոխկրտում ենք անարժեք ավազի պես, տրորում ենք ու անցնում, իսկ հետո ավազի ամեն մի հատիկը դառնում է մի գանձ, որ գին չունի…

Ահա այսպես, մանկությունից մինչև հիմա ինձ հանգիստ չեն տալիս ժամանակի մասին մտքերը, ինչպես Իոսիֆ Բրոդսկին է գրել, թվում է, թե ես ժամանակի մասին մտածել եմ ավելի շատ, քան նա, ով ստեղծել է ժամանակը…


* * *

Քանի մոտենում եմ վերջին, այնքան ավելի հաճախ եմ մտքով վերադառնում դեպի սկիզբը, որտեղից եկել ենք բոլորս՝ դեպի մանկություն, երևակայությամբ վերականգնում եմ անցքեր, պատկերներ և այնքան հաճախ ու այնպես ինքնամոռաց կերպով, որ երբեմն շփոթում եմ՝ ինքս տեսե՞լ եմ այդ բաները, թե՞ մերոնք են պատմել:

Ահա տեսնում եմ իմ վաղ մանկության կարմիր օրերից մի օր: Կարմիր են թվում անցյալի օրերը, մեկ էլ ապագան է կարմիր թվում, երբ հավատում են նրան:

Խորունկ ձմեռ էր, ձյունառատ ու խիստ: Մենք հավաքվել էինք թոնրի շուրջը: Մայրս հացի այրված կուտերը լցրել էր ուռենու ճյուղերից հյուսած սկուտեղի մեջ ու դրել մեր առջև, որ ուտենք:

Խորունկ ու դժվար ձմեռ էր, պատերազմը նոր էր վերջացել, այդ սևացած կուտերից բացի մեր տանը էլ բան չկար ուտելու:

Կոլխոզը մեր փոքր գոմը պահեստ էր դարձրել, կարտոֆիլ էր լցրել: Գոմի դուռը կնքել էին: Գոմը լիքը կարտոֆիլ էր, իսկ մեր մեծ ընտանիքը սոված էր: Հայրս ու եղբայրներս լուռ նստած նույն բանն էին մտմտում՝ ի՞նչ կլինի, եթե կարտոֆիլը հանեն: Այդպես լռությամբ էլ միևնույն որոշումը կայացրին՝ ուրիշ ելք չկա: Այնուհետև հայրս շաբաթը մի անգամ քրոջս՝ Նազերին, պարանով երդիկից իջեցնում էր գոմը, քանի որ նա փոքրամարմին ու թեթև էր, իսկ նա դռան շեմքի տակից կարտոֆիլները գլորում էր դուրս: Դա փրկություն էր, մեզ այլևս սով չէր սպառնում: