Мое время, или Осенний дневник (на армянском языке) - страница 24



Բոլորը այդտեղ, իրար մոտ, իսկ շրջակայքում, հարյուրավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր, համատարած ձյուն, անտառներ ու սառած ճահիճներ, ոչ մի շունչ-կենդանի, ոչ մի մարդ չտեսա, որ գնացք բարձրանար կամ իջներ:

Նախկին կոմերիտական ռոմանտիկայից մնացել էին միայն շենքերն ու կայարանի անունը:

Մի քանի րոպե հետո գնացքը դանդաղ շարժվեց, կարծես թաքուն հեռացավ, որ տեսիլքը չանհետանա:

Դրանից հետո ամեն անգամ այդ տեղով անցնելիս, երբ գնացքը կանգնում է, աչքերս փակում եմ, որ մարդ չտեսնեմ այդտեղ, որ ընդմիշտ մնա առաջին տպավորությունը:

Ու միշտ միևնույն տարօրինակ ցանկությունն եմ ունենում՝ ձմռան մի մշուշոտ օր իջնեի այդտեղ ու կորչեի կորած անցյալում, մոռացվեի իր անվան պես անիրական այդ ավանում: Գնացքները մոլորվեին, մոռանային նրա ճանապարհը և ժամանակն էլ մոլորվեր ու կորչեր, անցյալ ու ներկա խառնվեին իրար: Ոչ հիշողություն լիներ, ոչ կարոտ, ոչ վերադարձ լիներ, ոչ էլ անդարձության ցավ: Հավիտենական փակ ձմեռ լիներ տայգայում:


* * *

Առավոտյան տեղ էի գնում քաղաքային ավտոբուսով:

Գնալու տեղ էլ չունենամ, սիրում եմ երբեմն այդպես շրջել քաղաքում, նստել պատուհանի մոտ ու դուրս նայել, հանգստացնում է հոգնած ջղերը: Մի ժամանակ այդպես տրամվայով շրջում էի Երևանում՝ ընտրելով ամենաերկար երթուղին:

Ասում են հիմա տրամվայ չկա Երևանում: Այդպես էլ պիտի լիներ փլուզման պատկերի լրիվության համար, թե չէ՝ էլ ի՞նչ փոփոխությունների դարաշրջան:

Ավտոբուսում ինձանից մի քիչ այն կողմ մի կին էր նստած փոքրիկ տղայի հետ, մի աշխույժ, սիրուն տղա, որ շատ անհանգիստ էր, այս ու այն կողմ էր ընկնում, քաշում էր սրա-նրա շորերից, ուզում էր ամեն ինչ բռնել, տեսնել:

Մայրը երևի հոգնեց խրատելուց, մեկ էլ ասաց.

– Խելոք մնա, թե չէ կիջնեմ կգնամ ու էլ երբեք չեմ գա:

Մտածեցի, թե լավ չէ երեխային այդպիսի կտրուկ բաներ ասելը:

Մեկ էլ փոքրիկ տղան հարցրեց.

– Երբեքը ի՞նչ է, մի՞շտ…

Չեմ հիշում, թե մայրը ինչ պատասխանեց:

Զարմանալի էր, ի՞նչը դրդեց երեխային այդպիսի հարց տալու: Փաստորեն երբեք-ը նույն միշտ-ն է, միայն թե հակառակ կողմից…

Իսկապես որ զգույշ պետք է լինել երեխաներին սովորեցնելիս և մանավանդ շատ ուշադիր, երբ ուզում ենք նրանցից ինչ-որ բան սովորել:


* * *

Մորս թվում էր, թե վատ օրերը ժամանակի հետ կարող են վերադառնալ, ուստի միշտ ասում էր՝ էրթան ու չի գան էն օրերը:

Սակայն եթե ոչ օրերը, ապա նրանց հուշերն էին վերադառնում, անջնջելի պատկերներ և անպատմելի ցավ էին պատճառում նրան: Վերջին պատերազմն ու սովն էր ամենից շատ հիշում նա և ամենից հաճախ տեսնում էր գարու կանաչ արտն ու նրա պաղ ծփանքը լուսնյակ գիշերին:

Մահացու վախը սրտում, որ չբռնվի, նա կոլխոզի արտերից քաղում էր կանաչ քիստերը, բերում էր տուն, թոնրի վրա չորացնում էր մի գիշերում այդ կանաչ գարին, ապա աղում էր երկանքով մինչև լույս, փոխինձ էր անում, որ սովից փրկի երեխաներին:

Իր մասին երբեք չէր հոգում, կարծես թե ոչինչ չէր էլ ուտում, նախ երեխաներին, հորս, ուրիշներին, հետո նոր իրեն: Այդպես էր նա միշտ և ամեն ինչում:

Այդ չէ՞, որ ալտրուիզմ են կոչում: Դու կգիտենաս, աղջիկս, որովհետև ինքդ էլ ես այդպես: Եթե դա շատ բարձր է հնչում, մի ուրիշ բառ կգիտենաս: Սակայն բառերն ու անվանումները դու էլ վատ գիտես, քեզ հայտնի է միայն անհատույց բարությունը սրտի թելադրանքով, որպեսզի միշտ արթուն ու անհանգիստ խիղճդ մի քիչ հանգստանա՝ լավություն արա ու ջուրը գցիր:

Ամեն առավոտ մայրս դառնում էր դեպի Սուրբ Հովհաննեսի մատուռն ու աղոթում իր զավակների համար, բոլոր «նեղյալների» համար, իսկ աչքերից հոսում էր արցունքը: Դրանից է, երևի, որ ես աղոթք ու արցունք անբաժան եմ պատկերացնում:

… Բռնել էին մորս տուն վերադառնալիս, կանաչ քիստերը առել էին ձեռքից, իսկ իրեն կոլխոզի գրասենյակ էին տարել:

Պտտվում ու աղում է իմ հուշերի մեջ անխոնջ երկանքը ծխով լցված մեր հին տանը ու թվում է, թե այն Սուտն է աղում, որ արդար հատուցում կա և՛ բարի, և՛ չար գործերի համար: