ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ - страница 2



– Իսկ մենք նրան չենք ասի, – առարկեց աղջիկը:

– Մայրիկը միշտ պիտի իմանա ճշմարտությունը: Եվ, ընդհանրապես, Արևի՛կ, ավելի լավ է՝ քեզ պատժեն սխալ վարվելու, քան ինչոր բան թաքցնելու համար: Այդ դեպքում պատիժն էլ ավելի թեթև կլինի, սխալն էլ հնարավոր կլինի ժամանակին ուղղել, – ասաց տատիկը:

– Բայց դու հիմա այստեղ ինձ հետ ես: Դու կարող ես ինձ թույլ տալ չքնել, – չէր հանդարտվում Արևիկը:

– Ո՛չ, բալի՛կս, մայրիկի խոսքը կարևոր է իմից, – պնդում էր տատիկը:

– Բայց մայրիկն էլ կարող է սխալվել, – չէր հանձնվում Արևիկը:

– Շատ հնարավոր է: Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե անգամ քեզ թվում է, թե մայրիկը ճիշտ չէ, պետք է անել այն, ինչ ասել է նա: Համենայն դեպս, այնքան ժամանակ, երբ դու ինքդ պատասխան կտաս քո արարքների համար, – հանգիստ բացատրեց տատիկը:

– Նշանակում է՝ եթե ես համաձայն չեմ մայրիկի հետ, ապա երբեք չե՞մ կարող անել այն, ինչ ցանկանում եմ, – անկեղծորեն զարմացավ աղջիկը:

– Ինչո՞ւ: Կարողացի՛ր քո ճշմարտությունն ապացուցել այնպես, որ մայրիկն այն ընդունի, – պատասխանեց տատիկը: – Եվ հետո, Արևի՛կ, մայրիկը գործնականում քեզ թույլատրում է ամեն ինչ: Սահմանափակումները բացառապես վերաբերում են քո անվտանգությանն ու առողջությանը: Բոլորովին առանց սահմանափակումների էլ չի կարելի: Անարխիա ու քաոս կլինի:

– Ինչպես ճանապարհի՞ն, – հիշեց աղջիկը:

– Միանգամայն ճիշտ է, – ասաց տատիկը:

– Բոլոր ընտանիքներո՞ւմ է այդպես, – հետաքրքրվեց Արևիկը:

– Եթե նկատի ունես սահմանափակումները, դրանք ամեն մի ընտանիքում էլ կան: Այլ բան է, որ կարող է կարգ ու կանոնն ուրիշ լինել, – պարզաբանեց տատիկը:

– Դու ինձ մի փոքր խճճեցիր, տատի՛կ, – ասաց աղջիկը:

– Ճիշտ է, քանի որ պետք է գնալ քնելու, – պատասխանեց տատիկը:

– Իսկ քո մայրիկը նույնպե՞ս միշտ ճիշտ էր, – շարունակեց Արևիկը:

– Շատ բաներում՝ այո: Բայց մեր ընտանիքում մի փոքր այլ իրադրություն էր, – ասաց տատիկը:

– Պատմի՛ր, տատի՛կ, – սկսեց աղաչել աղջիկը:

– Մի ուրիշ անգամ: Այսօր բավական է: Գնանք քնելու, – տատիկը չէր համաձայնվում:

– Դե, խնդրում եմ, տատի՛կ, – ասաց Արևիկը:

– Անգամ չխնդրես: Գնա լվացվի՛ր, մաքրի՛ր ատամներդ, հագի՛ր գիշերազգեստը և մտի՛ր անկողին, – կտրուկ հայտարարեց տատիկը:

– Իսկ գիշերվա հեքիա՞թը, – ակնարկեց Արևիկը:

– Անպայման: Ընտրիր՝ ինչ ենք կարդալու, – համաձայնեց տատիկը:

– Իսկ կարելի՞ է, որ հեքիաթի փոխարեն ինձ պատմես, թե ինչպես էր քո ընտանիքում, – խորամանկորեն հարցրեց աղջիկը:

– Ա՛խ, դու, չարաճճի: Հաջորդ անգամ, – պատասխանեց տատիկը:

– Չեմ ուզում ու չեմ գնա քնելու, – աղջիկը ոչ մի կերպ չէր հանգստանում: – Եթե գնամ քնելու, դա կնշանակի, որ ես հաշտվել եմ այն բանի հետ, որ այնքան էլ շուտ չեմ տեսնի հայրիկին ու մայրիկին: Իսկ ես չեմ ուզում դրա հետ հաշտվել:

– Վախենամ՝ քեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու: Տարերքի դեմ պայքարելը մեր ուժերից վեր է: Եվ հետո, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ծնողներդ շուտով տուն կգան: Բայց տես, թե ինչ է կատարվում օդանավակայաններում: Մարդիկ արդեն մի քանի օր է, ինչ սպասում են առանց հաց ու ջրի և չեն կարողանում թռչել: Այնպես որ, մտածի՛ր, թե մեր բախտը շատ է բերել, – ասաց տատիկը:

– Նրանք նույնպես չեն կարող թռչել տարերքի պատճառո՞վ: Հաց ու ջուր էլ չունեն դարձյալ տարերքի՞ պատճառով:

– Այն, որ նրանք հայտնվել են այդ սարսափելի պայմաններում, չի կարելի վերագրել միայն տարերքին. դա տեղի է ունեցել համապատասխան ծառայությունների վատ աշխատանքի պատճառով, – պարզաբանեց տատիկը:

– Եվ նրա՞նք էլ են համակերպվել այն բանին, որ իրենց համար այդքան վատ է, – Արևիկը տատիկին շփոթության մեջ գցեց:

– Դժվար է դրան համակերպվել, ավելին, չի կարելի դա հանդուրժել: Քանի դեռ ինքդ չես պայքարում քո իրավունքների համար, ոչ ոք քեզ չի օգնի, – շարունակեց տատիկը: