ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ - страница 3
– Իսկ նրանք ի՞նչ են անում: Ինչպե՞ս են պայքարում, – հետաքրքրվեց աղջիկը:
– Փորձում են գտնել օդանավակայանի, ավիաընկերությունների աշխատակիցներին, որպեսզի գոնե որևէ տեղեկություն իմանան ռեյսերի մասին, փորձում են, վերջապես, ընդվզել, – շատ լուրջ, անգամ որոշ չափով լարված՝ պատասխանեց տատիկը:
– Իսկ ինչո՞ւ են փորձում ընդվզել: Մի՞թե դա կարող է նրանց օգնել թռչելու, – զարմացավ աղջիկը:
– Ո՛չ, դա չի կարող օգնել թռչելու, բայց իրենց խնդրի վրա ուշադրության կհրավիրի ու նրանց կստիպի մտածել, – տատիկը փորձեց երեխայի համար ինչ— որ կերպ ավելի մատչելիորեն բացատրել:
Կարծես թե այդ թեման աղջկան խիստ հետաքրքրեց, և չնայած նրա համար ամեն ինչ չէ, որ հասկանալի էր, բայց նա զգում էր, որ տատիկի ասածը կարևոր է:
Արևիկը խելացի աղջիկ էր: Նա հիշում էր ամեն ինչ: Եվ ամենից առաջ՝ իր զգացողությունները, որոնք նրան օգնում էին կռահել այն, ինչը, իր տեսակետից, կարևոր էր, բայց որն ինքը դեռ չէր հասկանում:
Դեռ երկար ժամանակ աղջիկը վիճաբանում էր, սակայն, վերջ ի վերջո, հոգնածությունը հաղթեց, ու նա քնեց:
Ծնողները բարեհաջող վերադարձան տուն: Իսկ հաջորդ առավոտը Արևիկի համար երջանիկ էր, ինչպես չէր եղել վերջին երեք ամսում:
Գլուխ 2. Ահաբեկչությունը պատերազմ չէ
Անցավ մի քանի օր: Արևիկի համար ամեն ինչ որքան կարելի է լավ դասավորվեց: Պետք չէր գնալ մանկապարտեզ, որը գրիպի համաճարակի պատճառով փակվել էր: Դրսում սաստիկ ցուրտ էր, որը հնարավորություն չէր ընձեռում փողոցում զբոսնելու: Մի խոսքով, աղջիկն ամբողջ ժամանակն ընտանեկան շրջապատում էր անցկացնում, իր համար ամենասիրելի իրադրության մեջ: Պետք է ասել, որ Արևիկը շատ էր սիրում իրենց բնակարանը, իր սենյակը, իր գրքերը, խաղալիքները, DVD և աուդիոսկավառակները: Երբեմն թվում էր, թե շատ դժվար է նրան տնից դուրս բերել: Հաճախ ստիպված էին նրան համոզել, հետաքրքրությունը շարժել: Բայց բավական է դուրս գար, էլ չէր ուզում տուն դառնալ: Այդ օրերին այցելության ցանկալի վայրերից էր Արևելքի ժողովուրդների թանգարանը: Աղջիկը հաճույքով էր քայլում թանգարանի կիսադատարկ սրահներով և հիանում Արևելքի հին մշակույթի վեհությամբ: Նրան առանձնապես գրավում էին Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային, Իրանին հատկացված սրահների ցուցանմուշները: Եվ, իհարկե, Նիկոլայ ու Սվյատոսլավ Ռերիխների նկարները: Դրանց մեջ ինչ— որ մոգական բան կար, դրանցից բարեբեր լույս էր հորդում: Իսկ գունային գամման ցնցում էր երևակայությունը: Արևիկը կարող էր ժամերով դիտել նրանց նկարները ու չհոգնել: Եվ եթե Տրետյակովյան պատկերասրահում ներկայացված՝ Շիշկինի, Վասնեցովի, Վռուբելի, Պոլենովի, Կուինջիի, անգամ Այվազովսկու նկարները երեխային հարազատ էին իրենց թեմատիկայով և այդ պատճառով էլ՝ հասկանալի ու սիրելի, ապա Ռերիխների նկարները այնքան էին հմայում, որ փոքրիկ Արևիկը այդ աշխատանքներին նայում էր լայն բացված աչքերով ու չէր շտապում բաժանվել դրանցից: Աղջիկը ծնողների հետ հաճախ էր այստեղ գալիս:
Յուրաքանչյուր այցելություն նվիրված էր որոշակի սրահի: Ծնողները այդ կերպ դոզավորել էին ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունը՝ երեխային քայլ առ քայլ հաղորդակից դարձնելով բարձր արվեստին, որպեսզի ընկալումը չվերանա, հիշողության մեջ մնան ապրումները, և չմարի ծնունդ առած հետաքրքրությունը:
Որպես կանոն, այդ էքսկուրսիաներից հետո աղջիկը մի քանի օր շարունակ իր տատիկների հետ խաղում էր իր՝ ավելի շատ հավանած նկարների սյուժեներում կամ ցուցադրության թեմաներով հանպատրաստից սյուժեներ էր հորինում: Տեղավորվելով գորգի վրա՝ Արևիկը դասավորում էր խաղալիքները և կառուցում կոմպոզիցիաներ՝ առավել հետաքրքիր ու հիշողության մեջ պահած տեսարանների նախատիպերով, բաժանում էր դերեր և մեծահասակներին ներգրավում թատերականացված ներկայացումների մեջ: Երբեմն ահավոր տառապում էր այն բանից, որ համապատասխան դեկորացիաներ չէր ճարել: Այդ ժամանակ մեծահասակները հարկադրված էին շտապ լուծել խնդիրը՝ ցանկացած հնարավոր եղանակով՝ հյուսել, կարել, կպցնել, նկարել ներկել, գնել: Արևիկը ինքը եռանդով ներգրավվում էր դեկորացիաները անելվերջացնելու գործընթացի մեջ: Նա շատ էր ուրախանում, երբ այդ ամենը հաջողվում էր: Եվ հազիվ մեկ—երկու անգամ հնարավոր եղավ որոշել, թե հատկապես ինչն էր նրան ավելի շատ ուրախացնում՝ աշխատանքի ընթա՞ցքը, թե՞ ստացված արդյունքը: