ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ - страница 5
– Այսինքն՝ դու կարծում ես, թե ես վատը չեմ միայն այն պատճառով, որ կարող եմ խոսել ռուսերեն, բայց եթե չկարողանայի ռուսերեն խոսել, ապա վա՞տը կլինեի, ասաց տատիկը:
– Տատի՛կ, դու ինձ բոլորովին խճճեցիր, – հազիվ զսպելով արցունքները՝ ասաց Արևիկը: – Եվ, ընդհանրապես, տատիկները բարի են լինում, իսկ դու ինչոր շատ խիստ ես, – վրդովվեց աղջիկը, – դե, արի՛ արդեն խաղանք:
– Հրա՜շքս, – բացականչեց տատիկը՝ գրկելով աղջկան: – «Բարին» ու «խիստը» հականիշներ չեն, բացի այդ, ինչ—որ եզրակացություն անելուց առաջ աշխատի՛ր ամեն ինչ հասկանալ ինքդ կամ պարզաբանումների համար դիմի՛ր մտերիմներիդ, որպեսզի անշուք լույսի ներքո չհայտնվես: Իսկ հիմա, իհա՛րկե, գնանք խաղալու, – հաշտարար տոնով եզրափակեց տատիկը:
Ու միասին ուղղվեցին դեպի մանկասենյակ:
– Իսկ ի՞նչ պիտի խաղանք, – հետաքրքրվեց տատիկը:
– Այս անգամ ինքդ մտածիր, – ոգեշնչվեց աղջիկը:
– Առաջարկում եմ այս անգամ խաղալ Տրոյական պատերազմի պատմությունը, – ասաց տատիկը:
– Արի՛, – ուրախացավ աղջիկը:
– Բաշխենք դերերը: Դու գեղեցկուհի Հեղինեն կլինես, – ես այդպես եմ կարծում, – շարունակեց տատիկը:
– Իհա՛րկե: Լարիսան՝ Պարիսը, իսկ դու, տատի՛կ, կլինես Մենելաոսը, Ագամենոնը, Աքիլլեսը, Հեկտորը և մնացյալ բոլորը, – հարցին լրջորեն մոտեցավ Արևիկը:
– Մենք պիտի հոգ տանենք նաև դեկորացիաների մասին, – առաջարկեց Լարիսան:
Եվ աշխատանքը եռաց: Շալով ծածկված արդուկի սեղանիկը ակնթարթորեն վերածվեց նժույգի, սենյակը՝ ճակատամարտի դաշտի: Հայտնվեցին վահաններ, սրեր և այն ժամանակի պատերազմական գործողություններին բնորոշ մնացյալ պիտույքները: Մարմնամարզական ներքնակը դարձավ նավ, որով աքայացիների հունական ռազմի ցեղերը, Միկենեի արքա Ագամեմնոնի գլխավորությամբ, նավարկել—անցնելով Էգեյան ծովը, պաշարեցին Տրոյան: Հույները ժամանել էին գեղեցկուհի Հեղինեի ու Պարիսի՝ Տրոյայի արքա Պրիամոսի կրտսեր որդու գողացած գանձերի հետևից: Հայտնվեցին նաև ռազմիկներ երկու կողմից, Տրոյայի անառիկ պարիսպները, հենց ինքը քաղաքը՝ անմատչելի ամրոցը: Ծավալվեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով շատ քաջարի մարտիկներ զոհվեցին ճակատամարտի դաշտում: Տարիներ անց հույներին հաջողվեց խորամանկությամբ տիրել քաղաքին և կործանել այն:
Դերերը լավ էին սերտել, սակայն Արևիկին դուր էր գալիս երբեմն վերափոխել իրադարձությունները, և աղջիկն ինքն էր հնարում կամ վերաստեղծում սյուժեն՝ կախված իր տրամադրությունից: Այդ ժամանակ խաղի ընթացքում սցենարը վերափոխվում էր, և Արևիկը ինքն էր վերաբաշխում դերերը, ռեժիսորություն անում իրադարձություններում:
Իսկական ներկայացում ստացվեց, որն այնքան կլանեց բոլոր մասնակիցներին, որ նրանք կորցրեցին ժամանակի զգացողությունը՝ իրապես մտնելով իրենց հերոսների կերպարների մեջ: Շատ հետաքրքիր էր ու գրավիչ, բոլորը շատ մեծ հաճույք ստացան:
Եվ հանկարծ Արևիկը հարցրեց.
– Տատի՛կ, իսկ ահաբեկչության ժամանա՞կ էլ են մարդիկ զոհվել:
Առաջին պահին և՛ տատիկը, և՛ Լարիսան պապանձվեցին, տիրեց ճնշող լռություն: Առաջինը տատիկը ուշքի եկավ.
– Ո՛չ, բալի՛կս: Պատերազմի ու ահաբեկչության միջև մեծ տարբերություն կա:
– Ի՞նչ, – շարունակեց աղջիկը:
– Արև՛ս, հազարամյակներ են անցել Տրոյական պատերազմի ժամանակներից: Անկախ այն բանից, թե ում կողմն է ընթերցողների համակրանքը, մենք հիշում ենք դրա մասնակիցներին և հարգանքով ենք վերաբերվում նրանց խիզախությանն ու արիությանը: Նրանց մասին լեգենդներ են ստեղծվել: Նրանց մասին հիշողությունը դարեր կապրի: Մինչդեռ ահաբեկիչները անուն չունեն: Դրանք առանց տոհմի, առանց ցեղի, առանց ազգության մարդիկ են: Նրանց նզովում են բոլորը, քանի որ դրանց գործողությունները անպաշտպան, խաղաղ մարդկանց դեմ են ուղղված, – փորձեց բացատրել տատիկը:
– Նզովո՞ւմ են: Ինչպե՞ս: Կարելի՞ է՝ ես քո ականջին ասեմ: Ասում են՝ «գրողը քեզ տանի՞»: Գիտե՞ս, տատի՛կ, ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ այդ բառերը: Ուզում եմ, բայց չեմ կարող: