Мое время, или Осенний дневник (на армянском языке) - страница 28
Մանկավարժական հմտություն կոչված բանը նա ստացել էր բնությունից իբրև շնորհ: Նրա ամեն մի դասը ստեղծագործական ինչ-որ բան ուներ իր մեջ: Նրա խոսքը միշտ հղկված էր, պարզ և անպաճույճ:
Նա պաշտում էր գրականությունը, նրա սերը որևէ գրական գործի, հատկապես բանաստեղծության նկատմամբ զմայլանքի էր հասնում: Դուրը եկած բանաստեղծությունը անպայման պիտի բարձրաձայն կարդար ինքն իրեն կամ որևէ մեկի համար: Քիչ է ասել, թե սիրում էր գիրքը: Գրքի հետ վարվում էր այն երկյուղածությամբ, ինչ որ մոլեռանդ հավատացյալը որևէ սրբազան առարկայի: Ամեն ինչ կներեր, բայց գրքի վրա որևէ բիծ կամ ծալած թերթ չէր ների:
Իր բոլոր ջանքերն ուղղված էին հայրենասիրություն սերմանելու աշակերտների մեջ և դա անում էր ամեն գնով, անկախ ծրագրերից ու դպրոցի պահանջներից, երբեմն խախտելով դրանք, ծանոթացնում էր Րաֆֆու, Պատկանյանի, Չարենցի գործերին, որ դեռևս արգելված էին: Մենք հայ ժողովրդի պատմություն էլ չէինք անցնում, նրա դասերով ու զրույցներով էինք սովորում մեր պատմությունը:
Շատ տարիներ են անցել, բայց լավ հիշում եմ այն օրը, երբ Վարուժանի «Ձոն»-ն էր կարդում դասարանում: Կարծես թե կերպարանափոխվել էր, երբեք նրան այդպես հուզված չէինք տեսել, ձայնը դողում էր հուզմունքից.
Եղեգնյա գրչով վրեժ երգեցի՝
Ընդ եղեգան փող բոց ելաներ…
Այդ օրն էլ պատմեց ամեն ինչ հայդուկային կռիվների, մեծ եղեռնի, Անդրանիկի մասին: Մենք քարացած էինք, ինչ-որ անսովոր բան էր կատարվում մեզ հետ: Վաղուց մյուս դասն էր սկսվել, մյուս ուսուցիչը բացում ու փակում էր դուռը, բայց ներս մտնել չէր համարձակվում:
– Ես աշակերտներին չէի զգուշացնում, որ պետք չէ ոչ ոքի ասել, թե այսինչ բաներն ենք անցնում,– հետագայում պատմում էր իմ ուսուցիչը,– որովհետև զգուշացնեի թե չէ, ամեն տեղ պիտի խոսեին: Մեր փոքրիկ գյուղում էլ մատնություններ էին լինում, ինչպես ամբողջ երկրում, մարդը ամեն տեղ նույնն է:
Ժամանակները խառն էին: Սկսվեց խրուշչովյան կարճատև «Ձնհալը», բայց սուտն ու ձևականությունն ավելի շատացան: Ցանկացած երիտասարդի կարող էին ուսուցիչ նշանակել, կրթությունը կարևոր չէր, միայն թե ծնողները կոլխոզի առաջավորներ լինեին, հատկապես հովիվ կամ կթվորուհի…
Իսկ պարտադիր ուսուցման տխրահռչակ օրե՞նքը… Ասում էին՝ անընդունակ կամ թույլ երեխաներ չկան, սովետական երեխաները կարող են յուրացնել ցանկացած ծրագիր, ուստի հարյուր տոկոսանոց առաջադիմություն էին պահանջում: «2» նշանակելը, երկտարեցիությունը վերացան, կեղծում ու խաբում էին բոլորը:
Ե՛վ տխուր էր, և՛ ծիծաղելի:
Ուսուցիչների օգոստոսյան շրջանային խորհրդակցության ժամանակ կրթության բաժնի վարիչը տարիներ առաջ գրված զեկուցումը կարդում էր անփոփոխ կերպով՝ փառաբանելով կոմունիստական կուսակցությանը, չէր համարձակվում որևէ բառ փոխել, ուստի պատահում էր, որ գովում կամ վատաբանում էր ուսուցիչների, որոնք արդեն չէին աշխատում…
Իմ աշխատանքի առաջին տարին ներկա եղա այդպիսի մի խորհրդակցության: Կրթության բաժնի վարիչը կարդաց զեկուցումն ու սկսեց քարկոծել Սաթխայի դպրոցի մի ուսուցչի, թե խախտում է աշխատանքային կարգապահությունը, դասերից ուշանում է, օրվա պլան չի գրում:
– Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին դպրոցի տնօրենը,– ասաց կուսակցության շրջկոմի ներկայացուցիչը՝ հայացքով տնօրենին որոնելով դահլիճում:
Ոտքի կանգնեց տնօրենը՝ մի սպիտակահեր, բարձրահասակ մարդ.
– Ի՞նչ մտածեմ,– ասաց,– մարդը արդեն երկու տարի է՝ մահացել է…
Այդպիսի պայմաններում էր ապրում և աշխատում Հակոբյանը: Զարմանալի չէ, որ նա էլ ըստ արժանվույն չգնահատվեց:
● Երբեմն ինչ-որ ընդհանրություն է նկատվում ուսուցչի և իր դասավանդած առարկայի միջև: Այդպիսի տպավորություն էր թողնում մեր պատմության ուսուցիչ Զատիկ Տերտերյանը: Կարծես թե նա ծնվել էր հենց միայն հին աշխարհի պատմության ուսուցիչ լինելու համար: Իր գունատ դեմքով, ճաղատով ու ազդեցիկ քթով, իր անսպառ գիտելիքներով հին հունական փիլիսոփաներին էր հիշեցնում: