Мое время, или Осенний дневник (на армянском языке) - страница 29



Շատ կարդացած մարդ էր, հմուտ մասնագետ: Միջնակարգ կրթությունը Թիֆլիսում էր ստացել, բարձրագույնը՝ Բաքվում, Հավլաբարի հայկական դպրոցի լավագույն աշակերտներից էր եղել:

Մանկավարժական որևէ մեթոդի չէր հետևում, նրա համար գերադասելի էր այն մեթոդը, որը տվյալ պարագայում կարող էր օգտակար լինել երեխային, այն աշխատանքը, որը որոշակի արդյունք էր տալիս: Այդ թեմայով խոսելիս նա միշտ ժողովրդական ասացվածքն էր հիշեցնում՝ մեկը թիով է ձյուն մաքրում, մյուսը՝ թիու պոչով:

Անհաշտ էր քաղքենիության ու կեղծիքի նկատմամբ, ուրիշների պես չէր թաքնվում, չէր շողոքորթում ու հարմարվում ու միշտ ասում էր.

– Իմ լեզուն մի օր գլուխս կուտե:

Երիտասարդ ժամանակ մի բանաստեղծություն էր գրել «Ամբար» վերնագրով, որտեղ գյուղական ամբարը գանգատվում էր, թե կոլխոզ կազմակերպվելուց հետո դատարկ է մնացել: Շրջանում իմացել էին, քիչ էր մնացել դատեին որպես ժողովրդի թշնամու:

Նա համոզմունքի մարդ էր: Կոմունիստական կուսակցության անդամ այդպես էլ չեղավ, թեև մի քանի տարի վարեց մեր դպրոցի տնօրենի պաշտոնը: Դա չլսված բան էր, այն ժամանակ ով կուսակցական չէր, որևէ պաշտոն զբաղեցնել չէր կարող: Նրան ստիպված հանդուրժում էին իր գիտելիքների ու փորձի համար:

– Պաշտոնը էսօր կա, էգուց չկա, մեկ է, պիտի հանեք, արժե՞, որ դրա համար խղճիս հակառակ գնամ,– ասել էր նա, երբ առաջարկել էին կուսակցական դառնալ:

Տերտերյանը չափազանց հաճելի ու հետաքրքիր զրուցակից էր, հումորի հատուկ զգացումով, որով հայտնի էր գյուղում և բոլոր ծանոթների մոտ: Ինքն իր մասին էլ հումորով էր արտահայտվում: Մի անգամ հարցրի.

– Ընկեր Տերտերյան, ասում են Հովհաննիսյանի հետ հաշտվել ես, այդ ինչպե՞ս եղավ, այսքան տարի իրար հետ չէիք խոսում:

– Որ չհաշտվեմ, հետո ու՞մ հետ կռվեմ,– պատասխանեց:

Նրա մասին զվարճալի դեպքեր էին պատմում՝ եղածների վրա հնարելով ու ավելացնելով նորերը, այնպես, որ հետո ինքն էլ էր դժվարանում տարբերել իրականը հնարածից: Պատմում էին, օրինակ, որ աշակերտներից մեկը մի անգամ հարցրել էր.

– Ընկեր Տերտերյան, առյու՞ծը կհաղթի, թե՞ վագրը:

– Ձենդ կտրիր, նրանք իրար չեն հանդիպում,– պատասխանել էր նա:

Այդ պատասխանը թևավոր խոսք էր դարձել:

Երբ լրացել էր նրա հիսուն տարին, ուսուցիչներից մեկը հարցրեց.

– Ընկեր Տերտերյան, բա տուն չպիտի՞ հրավիրես, գանք հիսնամյակդ նշենք:

– Բավական չէ, որ այստեղ ամբողջ օրը երեսներդ եմ տեսնում, ուզում եք, որ տուն էլ կանչեմ,– պատասխանեց ժպտալով և իսկապես, ոչ կանչեց, ոչ էլ հիսնամյակը նշեց:

Տերտերյանը մոլի ձկնորս էր: Աշակերտները երբեմն օգտվում էին նրա այդ թուլությունից: Մի անգամ աշակերտներից մեկը ուշացել էր, ներս էր մտել այն ժամանակ, երբ Տերտերյանը նոր դասն էր պատմում: Բոլորը գիտեին, որ նա սաստիկ զայրանում է, երբ ընդհատում են իրեն նոր դասը բացատրելիս: Նա բարեհոգի մարդ էր ու մեղմ բնավորություն ուներ, բայց այդ բանը չէր սիրում: Այդ անգամ էլ զայրացած հարցնում է.

– Ինչու՞ ես ուշանում, որտե՞ղ էիր:

– Այնտեղ… Սամսոնը Պլատինայի վրա ձուկ էր բռնում, նայում էի:

– Ի՞նչ ձուկ, խոշո՞ր էին:

– Էսպես… խոշոր-խոշոր ձկներ էին…

Այլևս ամեն ինչ մոռացած Տերտերյանը շուտ-շուտ պատուհանից դուրս էր նայում դեպի Պլատինան և ափսոսում, որ այնտեղ չէ:

Ցավով լսեցի, որ նա այլևս չկա:

Նա իր հետ հին ու բարի մի ամբողջ աշխարհ տարավ:

Իսկ ես հույս ունեի, թե դեռ կտեսնեմ նրան գյուղում, կնստենք իր փոքրիկ պարտեզում, ինչպես մի ժամանակ, իր տնկած ծառերի տակ ու կզրուցենք մինչև երեկո, մինչև նախիրը գա ու լճից փչի խոնավ քամին:․


● Մեր տնօրենը Շալիկո Զորօղլյանն էր։ Մենք երկար տարիներ աշխատել ենք միասին,ուստի նա է իմ հիշողության Տնօրենը։

Նա խիստ էր, բայց արդարացի, անհիշաչար էր և մեծահոգաբար ներել գիտեր, ինչը մարդկային մեծագույն առաքինություններից մեկն է։ Նա լավ էր ճանաչում մարդկանց և կարողանում էր վարվել նրանց հետ, թեև դեռ երիտասարդ էր։